Լևոն Մկրտչյան. Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել
«Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է»,-նման կարծիք է հայտնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
«Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական և մտածողության տարբերություններ: Կարևոր է, որ վերջիններս իրենց օտար չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը ևս շատ կարևոր է»,-նշել է նախարարը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա ընդգծել է , որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, քանի որ երբեմն կարևոր ծրագրեր են առաջ քաշվում, սակայն իրականացման փուլում դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում: Այս համատեքստում նախարարը կարևորել է կադրերի վերապատրաստման և հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձևավորման հարցը:
Լևոն Մկրտչյանը ընդգծել է նաև, որ պետք է սերտ համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի և ապահովության և ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաև տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսանկյունից:
Հանդիպմանը ներկայացվել է նաև ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evaluation» ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը: Դրա նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի և հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան