Ապրիլյանի «Ուստա» Մարատը դժգոհում է, որ ընդամենը 5 տանկ է խփել
Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, ծառայությունն այսօր շարունակում է Պաշտպանության բանակում՝ որպես դասակի հրամանատար:
Մարատի հետ հանդիպեցինք Արցախում, խոսեցինք ապրիլյան օրերի, մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մարատն ասում է, որ ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իր մեջ, ավելի ամրապնդվեց հայրենիքի պաշտպանության գաղափարը:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ բան տեսնելով՝ հասկացա, որ պետք է շարունակեմ ծառայությունը: Երբ ինձ առաջարկեցին շարունակել ծառայությունը Պաշտպանության բանակում, ես արդեն ինքս իմ մեջ այդ որոշումը կայացրել էի: Ծառայությունը շատ լավ է անցնում, արդեն ութ ամիս ծառայում եմ՝ որպես դասակի հրամանատար: Շատ գոհ եմ»:
Նրա խոսքերով՝ պարտավորեցնող է զինվորականի ուղին, հպարտ է, որ սպայական ուսադիրներ է կրում:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հետ կապված հիշողություններին, Մարատն ասում է՝ և ուրախալի են, և ցավալի: Նա չի կարողանում մոռանալ այն տղաներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:
«Կորցրել ենք մեր ընկերներին, մեր ախպերներին, թեկուզ իրենց չեմ ճանաչել, բայց իրանք իմ ընկերներն են»,- նշում է Մարատն ու հավելում, որ այդ օրերին իրենք չթուլացան, հակառակը՝ ճիշտ կողմնորոշվեցին ու լավ դաս տվեցին հակառակորդին. «Վախը երկրորդական էր, այդ պահին միայն մտածում էինք, որ մի քայլ, մեկ մետր առաջ չգան: Դիմադրեցինք և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ շպրտվեց»:
Ստեփանակերտցի Մարատը, որին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նաև «ուստա» էին ասում, պատմում է, թե ինչպես է խոցել հինգ տանկն ու մեկ հետևակի մարտական մեքենան:
Նախքան այդ հակատանկային կայանքից կրակելու փորձ չի ունեցել: Ասում է՝ առաջին կրակոցը վրիպել է, երկրորդն արդեն դիպուկ էր:
«Երկրորդ կրակոցն ուղիղ նշանակետին հասավ ու խոցեց թշնամու տանկը: Մի քանի ժամ հետո երկրորդ տանկը խոցեցի: Հաջորդ օրն էլ 3 տանկ: Ընդհանուր 5 տանկ խփեցի, բայց դե քիչ ա էլի»,- ժպտալով նշում է Մարատը:
Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր ծառությանը զուգահեռ սովորում է նաև համալսարանում՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն, միաժամանակ զբաղվում է նաև սպորտով:
«Ազատ ժամանակ ընկերներիս հետ եմ լինում: Սիրած աղջիկ էլ չունեմ, նախ՝ ժամանակ չկա, հետո էլ շուտ է: Նաև նշեմ, որ սոցիալական ցանցերում գրանցված չեմ»,- իրեն յուրահատուկ հումորով ասում է Մարատը:
Թեև թշնամու 5 տակ է խոցել, բայց Մարատն իրեն հերոս չի համարում, միայն փոքր եղբայրն առիթը բաց չի թողնում հպարտանալու և բոլորին հայտարարում, որ Մարատն իր եղբայրն է:
Նշենք, որ նրա մեծ եղբայրը Դավիթ Պետրոսյանն է, որը 2017 թ-ի մայիսի 13-ին Լվովում կայացած կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտի ժամանակ հարձակման էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Երբ պարզվում է, որ նա հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս կողմնակիցները մահակներով հենց ռինգում հարձակվել էին Հայաստանի հավաքականի անդամների վրա:
Պաշտպանության բանակի սպան չի մոռանում նաև նորակոչիկներին և խորհուրդ է տալիս զգոն լինել. «Ուշադիր, ամեն քայլափոխին մտածված գործեն: Կարևորը իրենք նորմալ ծառայեն, զգոն լինեն, իրենց ընտանիքի մասին մտածեն, միշտ պետք է հիշեն, որ իրենց տանը սպասող կա»:
Եզրափակելով խոսքը՝ Մարատն ասում է, որ ամուր կանգնած են դիրքերում և հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպքում իրենց պատասխանը շատ ավելի ուժեղ է լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
- Հակառակորդի ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյան. «Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում»
- «Հերոսի տատը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան