Ազգային գրադարանը ձեռք է բերել 1535 թվականի քարտեզ, որտեղ Հայաստանը նշված է որպես պետություն. Զարգարյան
Հայաստանի Ազգային գրադարանը, որն աշխարհում հայատառ տպագիր հավաքածուի ամենամեծ պահոցն է, այժմ մեծ ուշադրություն է դարձնում հայատառ տպագիր այն նյութերին, որոնք ինչ-ինչ պատճառներով չկան գրադարանում։
Լրագրողների հետ հանդիպմանը Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասաց, որ փորձում են այդ նյութերը ձեռք բերել. հիմնականում գնում են մասնավոր գրավաճառներից, նաև կան մարդիկ, ովքեր նվիրում են գրադարանին: Նա տեղեկացրեց, որ վերջերս 200 եվրոյով ձեռք են բերել 1535 թվականի քարտեզ, որտեղ Հայաստանը նշված է որպես պետություն, աշխարհագրական անվանում. «Եզակի ձեռքբերում է»:
Տ. Զարգարյանը նշեց, որ ստեղծում են հայ մամուլի, գրքի շտեմարան, թվայնացման մեծ աշխատանք են կատարում: Թվայանցնում են հայ մամուլը՝ «Ազդարար»-ից մինչև այս օրերը, տպագիր գրքերը, ատենախոսությունները, պաստառները: Տ. Զարգարյանը տեղեկացրեց, որ արդեն թվայանցվել է 2,5 միլիոնից ավելի մամուլի էջ:
«Տպագիր գրքի հետ կապված ուզում ենք հասկանալ, թե «Ուրբաթագրքից» (1512 թ. ) առ այսօր քանի վերնագիր է հայ ազգը թողարկել: Մոտավորապես 125-127 հազար վերանագիր է: Այդքան շատ չէ իրականում մեր տպագիր ժառանգությունը վերնագրային առումով: Այդ գրքերը, որոնք հեղինակային իրավունքից դուրս են կամ հեղինակները թույլ են տալիս, թվայնացնում ենք: Այս պահին ունենք 9728 թվայանցված գիրք, որոնք ազատ դիտման, բեռնաթափման կարգավիճակով տեղադրված է Ազգային գրադարանի կայքում: Ինչպես մամուլի պարագայում, այս դեպքում էլ ունենք օգտվողների մեծ բանակ»,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը:
Տ. Զարգարյանը նշեց, որ իրենց ընթերցասրահը մշտապես մարդաշատ է լինում. «Ուրախալի է, որ երիտասարդները կարդում են: Հիմնականում մասնագիտական գրականություն են կարդում»: