Արգենտինացի ֆուտբոլիստը խաղի ժամանակ ասեղով ծակել է մրցակցին
«Պասիֆիկո» ակումբի արգենտինացի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Ալենդեն խոստովանել է, որ խաղերից մեկի ժամանակ մրցակցի դեմ օգտագործել է ասեղ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ արգենտինական Vorterix ռադիոկայանին տված հարցազրույցում Ալենդեն ծիծաղով պատմել է, որ Արգենտինայի գավաթի խաղերից մեկի ժամանակ, որը կայացել է նախորդ կիրակի, նա մի քանի անգամ ասեղով ծակել է «Էստուդիանտես» թիմի խաղացողին:
«Մենք գիտեինք, որ նրանց դեմ պետք է կեղտոտ խաղանք, և ես առաջարկեցի ծակել «Էստուդիանտես»-ի հարձակվողին»,- հայտարարել է նա՝ միաժամանակ բացատրելով, որ ֆուտբոլը «խելացիների» խաղն է:
«Էստուդիանտես»-ի հարձակվող Խուան Օտերոն ԶԼՄ-ներին հայտնել է, որ կիրակի օրվա խաղի ժամանակ չորս անգամ իրեն ասեղով հարվածել է «Պասիֆիկո»-ի խաղացողը: Նրա խոսքով, նա բողոքել է դատավորին, բայց վերջինս անտեսել է իր բողոքները:
Ալենդեի անկեղծությունն արդեն արգենտինական ֆուտբոլում վեճ է առաջացրել: «Պասիֆիկո» ակումբի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է Ալենդեին հեռացնել ակումբից: