ԵԽ-ն բանաձև է ընդունել ու կոչ է անում ազատ արձակել Մուխթարլիին
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել ու հանել բոլոր մեղադրանքները ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ, ով առևանգվել էր Վրաստանում ու տեղափոխվել Ադրբեջան մայիսի 29-ին. Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդարանի կայքում։
Ինչպես նշվում է, այժմ Մուխթարլիին սպառնում է դատապարտում ու մի քանի տարվա ազատազրկում՝ «կեղծ մեղադրանքների» պատճառով, ասում են եվրապատգամավորները։
«Ադրբեջանի իշխանություները պետք է դադարեցնեն լրագրողների ու իրավապաշտպանների ընտրովի քրեական հետապնդումներն ու ազատազրկումները, անհապաղ ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին ու ապահովեն արդար դատաքննություն»,-ասվում է այսօր Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևում։
Խորհրդարանը նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին՝ անցկացնել մանրակրկիտ հետաքննություն կապված Մուխթարլիի անհետացման հետ ու հստակեցնել Վրաստանի պետական գործակալների ներգրավվածության հետ կապված կասկածները։