Լևոն Ալթունյանը չի նախատեսում որևէ հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման
«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցումից հետո պետպատվերը ոչ թե կնվազի, այլ կավելանա»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Պետպատվերը ոչ թե կենտրոնին է տրվում, այլ տրվում է սահմանափակ քանակությամբ հիվանդների բուժման նպատակով: Այդ գումարը տարեկան կազմում է 980 մլն դրամ: Այսինքն՝ այդ գումարը ուռուցքաբանության կենտրոնին տրվում է` որպես պետպատվերի վերաբաշխում: Իսկ գումարը ավելանալու, այլ ոչ թե նվազելու միտում ունի՝ հաշվի առնելով Հայաստանում ուռուցքային հիվանդությունների աճը: 2018 թվականի բյուջեում մենք մոտավորապես 70-80 տոկոսով ավելացնելու ենք պետպատվերի գումարը, ուստի անհեթեթ է խոսել պետպատվերի նվազեցման մասին»,- նշեց Լևոն Ալթունյանը:
Հարցին, թե ինչու է պետական կառույց համարվող Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ճառագայթային բուժումը վճարովի, թեև դա պետք է պետպատվերով լինի, նախարարն ասաց, որ ոչ մի բուժհաստատություն իրավունք չունի գումարներ գանձել այն ծառայություների համար, որոնք ներառված են պետպատվերի շրջանակներում:
«Եթե որևէ հաստատություն նման բան է անում, ուրեմն անօրինական է, չեմ կարծում, որ Ֆանարջյանի անվան կենտրոնը գնում է անօրինական գործողությունների: Ես կարծում եմ, որ խոսքը հավելյալ գործողությունների մասին է»,- նշեց Լևոն Ալթունյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է դեպք առ դեպք ուսումնասիրել. «Խնդրում եմ գրավոր ներկայացնել՝ անուններով, դիագնոզով, ամսաթվով»:
Խոսելով կենտրոնի մասնավորեցումից՝ առողջապահության նախարարն ասաց, որ իրենք ոչ թե ակնկալում են ինչ-որ գումարներ գանձել մասնավորեցումից, այլ ստանալ ավելի մեծ արդյունավետություն կառավարումից, պետական պատվերի գումարներն օգտագործելուց:
«Այստեղ մենք ակնկալում ենք և՛ կադրային օպտիմալացում, և՛ բուժման ժամկետների կրճատում, և՛ հիվանդների հոսքի կառավարման արդյունավետության աճ»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե արդյոք բիզնեսմենի համար գրավիչ է հիվանդանոց գնելը, օրինակ՝ առողջապահության նախարարը հիվանդանոց կգնե՞ր, Լևոն Ալթունյանը պատասխանեց՝ ինքը չի նախատեսում որևիցե մի հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման։
«Եթե մի հիվանդանոց կարող է աշխատել ոչ պետական սեփականություն լինելով, ապա այն կաշխատի այդպես: Անհամատեղելի է, երբ գնորդն ու ծառայություն մատուցողը նույն անձն է, իսկ այս դեպքում պետությունն է և՛ գնորդը, և՛ ծառայություն մատուցողը: Դա մի իրավիճակ է, որ չի խթանում, ավելին՝ խանգարում է արդյունավետությանը»։
Հարակից հրապարակումներ`
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին
- «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան