Կառավարությունը փոխհատուցման մի քանի ձև է մտածել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կարկտահարությունից տուժած համայնքներին ինչ աջակցություն է տրամադրվելու՝ նշեց, որ կառավարությունը կփորձի հետևյալ ձևով աջակցել՝ վարկերի սառեցում, հետաձգում, հարկերի, տուրքերի զրոյացում կամ հետաձգում:
Միաժամանակ նախարարն ասաց, որ դա, իրականում, հարցի լուծում չէ. «Դրանով մենք չենք կարողանում փոխհատուցել ամբողջ կրած վնասը: Ամբողջ վնասի փոխհատուցումը ապահովագրական համակարգն է, հակակարկտային ցանցերն են և դրանք էլ թանկ և երկարաժամկետ գործիքներ են»:
Ըստ Իգնատի Առաքելյանի՝ այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղատնտեսությունը ապահովագրված, ապահովված չէ, իսկ դա ռիսկ է:
Միաժամանակ գյուղատնտեսության նախարարն ասաց, որ 2018 թվականից սկսվելու է ցանցերի և ապահովագրության պիլոտային ծրագիր:
«Ես հուսով եմ, որ երկու-երեք տարվա մեջ տնտեսությունը կգա, կհասնի այն պահանջարկին, որը շուկայում կձևավորվի վճարունակ պահանջարկ՝ այդ համակարգերի ներդրման նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա պետք է մեխանիզմ գտնենք, թե ինչպես ապահովենք, ոնց աջակցենք, որ դրանք ներդրվեն: Մենք առանց այդ երկու ծրագրի չենք կարող հարց լուծել, դրանք միանշանակ պետք է ներդրվեն»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարի խոսքերով՝ բացի Արմավիրի մարզից, կարկուտից տուժել են Տավուշի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներ: Ըստ նրա՝ ներկայումս գնահատում են վնասի չափը:
«Կարկուտը կամ ցրտահարությունը նոր երևույթ չէ Հայաստանում, միշտ եղել է, պարզապես պետք է բոլորս հասկանանք, որ մեր հնարավորությունների սահմաններում կարող ենք ֆինանսական օգնությունը տրամադրել: Կորուստ փոխհատուցելը դա շատ ծանր բեռ է, դրա համար ապահովագրական համակարգ պետք է լինի»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը 3 օր ժամանակ տվեց կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար
- Արմավիրի առանձին տնտեսություններում կարկտահարությունից 100 տոկոս վնաս է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին