Զախարովա. Փոխզիջումը չպետք է վնասի ԼՂ-ում ապրողներին
«ԼՂ խնդրի կարգավորման հարցում փոխզիջումը չպետք է վնասի Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդներին, և իհարկե Լեռնային Ղարաբաղում ապրողներին»,-ամենշաբաթյա ճեպազրույցում այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ կողմերից յուրաքանչյուրը՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներն ու պետական գործիչները խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետն ունեն:
«Նման հին խնդիրների լուծումը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում, անկախ այն հանգամանքից, թե դրանք որքանով են տրամագծորեն հակառակ կողմերում»,-ասել է Զախարովան, նշելով, որ միջազգային դիվանագիտությունը անլուծելի թվացող խնդիրների համար լուծումներ գտնելու համար է:
«Մենք համամիտ ենք, որ գործընթացը պահանջում է առաջ ընթանալ: Հենց այդ պատճառով մենք վերջերս ակտիվացրել ենք շփումները: Դրանք տեղի են ունենում տարբեր ձևաչափերում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովայի խոսքով, Ռուսաստանն իր կողմից անում է հնարավորը, որպեսզի այդ փոխզիջումը գտնվի:
«Շատ ենք ուզում, որ այն գտնվի: Ընդ որում, ինչքան շուտ, այնքան լավ»,-ասել է նա:
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այս պահին նախատեսված չէ:
«Երբ շփումների վերաբերյալ մանրամասները համաձայնեցվեն, մենք կհայտնենք: Այս պահին ես դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ»,-ասել է նա:
Զախարովան չի բացառել, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան