Արցախի ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ-ում կազմակերպված դրամահավաքին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 10-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորման նպատակով Բոստոն քաղաքում տեղի ունեցած դրամահավաքին:
Այն կազմակերպվել և հովանավորվել էր հայ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան ափի տեղական մարմնի նախկին ատենապետ Ռաֆֆի Ֆեստեկչյանի կողմից:
Արցախի ներկայացուցիչն իր խոսքում երախտագիտություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ կարևորելով նրանց ներդրումը Արցախի տարածքն ականներից և այլ պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրելու գործում:
Միջոցառմանը մասնակցել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանի գլխավորությամբ, և Բոստոնի հայ համայնքի շուրջ 130 անդամներ: