Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու. Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
ՀՀ արդարդատության նախարար Դավիթ Հարությունյան այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկիի հայտարարությանը, թե Հայաստանում ԿԸՀ-ն պետք է դարձնել արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց, նշեց, որ ԿԸՀ կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում:
«Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, կարծում եմ՝ դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե այլ նպատակներով»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արված քննադատությանը, արդարադատության նախարարն ասաց, որ դա ևս քաղաքական հարց է և ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները:
«Համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը Վենետիկի հանձնաժողովն է, որը տվել է իր եզրակացությունը: Այն, որ մեր կողմից ընդունված համակարգն իրականում համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, դա փաստ է: Այլ խնդիր է, որ այն բարդ է, քանի որ փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք, օրինակ, պատշաճ ձևով արտացոլում են ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը խորհրդարանում: Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը, և մենք ծանր ու թեթև անելով այդ ուղղությամբ ենք որոշել գնալ», - ընդգծեց Դավիթ Հարությունյանը: