Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի
«2017 թվականն ընտրական տեսանկյունից բավական կարևոր տարի էր Հայաստանի համար»,- «Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար նատալյա Վուտովան՝ միաժամանակ շեշտելով, որ ընտրական գործընթացների բարելավման համար իրենք նպատակ ունեն շարունակել ՀՀ կառավարության և քաղհասարակության հետ աշխատանքները:
Քննարկմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին նկատեց, որ ԵՄ-ն արդեն իսկ արտահայտել է իր նախնական տեսակետը՝ Հայաստանում վերջին ընտրությունների վերաբերյալ, սակայն եվրոպական կառույցների վերջնական հաշվետվությունից հետո միգուցե լրացուցիչ կարծիքներ հրապարակեն:
Նրա խոսքով, ոչ ոք չի կարող ասել, որ հայաստանյան վերջին ընտրությունները եղել են կատարյալ, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որին ձգտում է, այն ժողովրդական չափանիշներին, որոնց ցանկանում է հասնել:
«Մենք ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: Գիտեմ՝ ինչ գործոններ են ձևավորել այս ճանապարհը: Կարծում եմ, որ վերջին ընտրությունները ջրբաժան են լինելու և արդեն հաջորդ ընտրություններն ավելի գոհացնող են լինելու»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ հետխորհրդային մյուս երկրների հետ համեմատած՝ Հայաստանում ընտրական գործընթացներն ավելի լավ վիճակում են:
ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց՝ Հայաստանում առանձնակի ուշադրության են արժանի ընտրատեղամասերից դուրս կատարվող գործընթացները:
«ԵՄ նախնական զեկույցում նշվել է, որ եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: Բուժհաստատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն: Հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության: Հայաստանում աշխատելու երկու տարիների ընթացքում հասկացել եմ, որ հայերը գենետիկորեն ազատություն են ուզում, քաջ են այդ պայքարում»,- ասաց նա:
Եվրոպացի պաշտոնյան հորդորեց Ընտրական օրենսգրքի բարելավման հարցում ապահովել փոխըմբռնման մթնոլորտ՝ շեշտելով, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում նշանակալից հաջողություններ գրանցվեցին, սակայն ընդդիմության և իշխանության միջև լիարժեք կոնսենսուս չգրանցվեց:
«Իհարկե, իշխանությունն ու ընդիմությունն այս հարցով քննարկումներ ծավալեցին, սակայն որոշ հարցերի շուրջ այդպես էլ կոմպրոմիս չարձանագրվեց: Սակայն նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում քաղաքական ուժերը ձգտում են ԸՕ-ն համապատասխանեցնել իրենց շահերին»,- ասաց պաշտոնյան:
Եվրոպացի գործիչը շեշտեց՝ Հայաստանում ԿԸՀ-ն պետք է դարձնել արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց: Նույնը պետք է ասել դատական մարմինների մասին:
«Հասարակ մարդիկ պետք է համոզված լինեն, որ իրավապահ մարմիններն իրենց կողմից են, որքան էլ բոլորը գիտեն, որ այն պետության մի մաս է համարվում»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին:
Հարակից հրապարակումներ`
- Պիոտր Սվիտալսկի. ԵՄ-ն լավատեսորեն է տրամադրված ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունների հարցում
- Վստահ եմ, որ ԿԸՀ-ը ճիշտ եզրակացությունների է հանգել վերջին ընտրություններից և հանրաքվեից հետո. Սվիտալսկի
- Սվիտալսկի. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ
- ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը. Սվիտալսկի
- Խորհրդարանական ընտրությունները ԵՄ ուշադրության կենտրոնում կլինեն. Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան