Քաղտեխնոլոգ. «Սվիտալսկիի նման կարևոր ֆիգուրները պատահական գնահատականներ չեն հնչեցնում»
«Հայաստանում գործունեություն ծավալելու սկզբում՝ իր մուտքային ճառում, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին խոսում էր մեր երկրի եվրոպական ուղով ընթանալու անհրաժեշտության մասին, սակայն նրա գնահատականներն աստիճանաբար մեղմացան։ Այն հույսերը, որ Սվիտալսկիի հեղափոխական գործունեության հետ էր կապում հայաստանցիների եվրոպամետ հատվածը, չարդարացան։ Դրանք իրենց տեղը զիջեցին հուսահատությանը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով եվրոպացի գործչի՝ հայաստանյան ընտրական գործընթացների մասին այսօր հնչեցրած գնահատականներին։
«Եվրոպացի գործիչների հայտարարությունները պետք է լինեն համաձայնեցված, որովհետև չի կարելի քաղաքական հայտարարությունները մեկ մեղմացնել, մեկ խստացնել։ Իդեպ, Եվրոպան նույն տակտիկան կիրառում է նաև Ռուսաստանի նկատմամբ։ Այսպես չի կարելի, քանի որ եվրոպական քաղաքականությունը միժշտ եղել է սկզբունքների քաղաքականություն։ Եվրոպայի զենքն իր սկզբունքայնությունն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Անուշ Սեդրակյանի խոսքով, ցավալի է, որ եվրոպացի և հայ քաղաքական գործիչների միջև ընտրությունների վերաբերյալ սուր քննարկումներ են տեղի ունենում, քանի որ Եվրոպայի ձեռքում քննարկումներից ավելի ուժեղ զենք կա՝ ստուգումների և ուղղորդումների լավ մշակված համակարգ։
Վերլուծաբանի խոսքով, եվրոպական կառույցները, որպես կանոն, հայաստանյան ընտրություններից հետո դրանք գնահատել են գոհացուցիչ և բավարար, ինչն էլ հանգեցրել է ներկա վիճակին։ Այնինչ, եթե հնչեին ավելի խիստ գնահատականներ, հնարավոր է՝ ականատես լինեինք բոլորովին այլ պատկերի։
«Այսուհետ, կարծում եմ, Եվրոպան առավել հետևողական խստապահանջություն կցուցաբերի Հայաստանի նկատմամբ։ Մինչ այժմ մենք կարողացել ենք խուսանավել, սակայն այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չենք կարող միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Եկել է որոշելու ժամանակը»,- ամփոփեց Անուշ Սեդրակյանը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Պյոտր Սվիտալսկիի նման կարևոր ֆիգուրները պատահական գնահատականներ չեն հնչեցնում։ Դրանք, որպես կանոն, համաձայնեցված են լինում եվրոպական կառույցների հետ։
«Հայաստանը գնում է ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ կնքելու ճանապարհով, որին, կարծես դեմ չէ Ռուսաստանը։ Ինչու. որովհետև պատժամիջոցների պայմաններում սա կարող է դառնալ Եվրոպայի հետ շփման միջոց։ Բայց Եվրոպան, միաժամանակ, սկսում է պայմաններ դնել։ Այլ կերպ ասած, եթե նոր համաձայնագիրը կնքվի, Հայաստանը կպարտավորվի ինչ-որ պայմաններ կատարել, այդ թվում՝ ընտրական և շատ այլ գործընթացների բարելավման ուղղությամբ»,- ասաց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
- Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու. Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
- Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան
- Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին