Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակությանը` գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ժակ Բիլոդոյին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մարտ ամսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան և գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Ներկայացնելով այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ արդեն գումարվել են միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստեր, պետական տարբեր կառույցների կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Ֆրանկոֆոնիայի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի՝ որպես ՖՄԿ ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը Կազմակերպության գործունեությանը: Վերջինիս խոսքով՝ 2015թ. Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի անցկացման ընթացքում Հայաստանի և Կազմակերպության քարտուղարության միջև արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է հանդիսանում գալիք գագաթաժողովի հաջող կազմակերպման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերին Տոգոյում կայանալիք նախարարական համաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի՝ այդ համաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո իրականացվելիք աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան