Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել իրատեսական և հավակնոտ Կառավարության ծրագիր, որտեղ նշված հստակ թիրախների հիմքը Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում այսօր քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը, որը լուրջ հայտ է:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Կառավարությունն առաջարկում է հստակ թիրախ ընտրել, մասնավորապես, տնտեսական աճ՝ տարեկան 5%, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%, 12%-ով գործազրկության նվազում, նախատեսվում է նաև տարեկան 3 մլն զբոսաշրջիկների այցելություն Հայաստան և այլն:
Ըստ նրա՝ ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն պայքարին և բարեփոխումները Կառավարության առաջիկա տարիների աշխատանքում պետք է առանցքային տեղ ունենան:
«Ծրագրում կարևոր տեղ է հատկացվում նաև Հայաստանի անվտանգության խնդիրներին, քանի որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում անվտանգության հարցերն ամենակարևորն ու առաջնային էին: Այդ առումով մենք շարունակելու ենք ամրապնդել ՀՀ անվտանգության համակարգը, բնականաբար՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով և խորացնելով ազգ-բանակ գաղափարախոսությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Կառավարության ծրագիրը վերջնական տեսքի կբերվի այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ։ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ծրագիրը ներկայացնելիս Կառավարության ղեկավարը կներկայացնի նաև իրականացված քայլերի վերաբերյալ հաշվետվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան