Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց. Արշավախմբի ղեկավար
Հուլիսի 1-ից կսկսվեն Արցախի Տիգրանակերտի պեղումները: Լրագրողների հետ հանդիպմանը Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ Արցախի իշխանությունները պետական միջոցներից 10 միլիոն դրամ են հատկացրել:
«Մեր խնդրանքը հարգվեց և մեզ հատկացվեց լրացուցիչ ևս 7 միլիոն դրամ: Այդ գումարը հնարավորություն կտա մոտավորապես 40-42 օր պեղումներ կատարել Տիգրանակերտում»,- նշեց նա:
Հ. Պետրոսյանի խոսքով, Տիգրանակերտի պեղումները շատ էական են. «Ամեն տարի հույս ունենք, որ շուտով Տիգրանի կառուցած ամրոցի մուտքը կհայտնաբերենք, որտեղ արձանագրություններ էլ կլինեն: Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումը հնարավորություն կտա հասկանալ՝ ինչ կա գետնի տակ, ինչ կա կապված Տիգրանի ժամանակի դամբարանադաշտերի հետ»:
Արշավախմբի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում չկա մի որևէ հուշարձան, որն ավելի լավ վիճակում լինի, ավելի լավ պահպանված, դիտարժան, մանրամասնորեն ներկայացված, հանգստի համար լավ պայմաններ ունենա, քան Տիգրանակերտը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա հունիսի վերջին պեղումներ կսկսվեն Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանում (5-6-րդ դարեր): Ստեփաննոսի դամբարանի պեղումները, Հ. Պետրոսյանի խոսքով, մասնավորի միջոցներով են իրականացնելու:
«Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց: Այդ խնդիրներից մեկն էլ այսպես կոչված Աղվանից եկեղեցու դավանաբանական, գաղափարական, ծիսական առանձնահատկությունների խնդիրն է»,- ասաց նա:
Հ. Պետրոսյանը նշեց, որ երկար ժամանակ Հայաստանի արևելյան նահանգներն ընդգրկված են եղել Աղվանից եկեղեցու կազմում:
«Մեր հակառակորդները, օգտվելով այդ անվանական խնդրից, անընդհատ ծանրացնում են, որ այդ եկեղեցին իր լեզվով, ճարտարապետությամբ, գաղափարաբանությամբ հայկական չի եղել: Իրականում այն եղել է հայ հանրույթի մի առանձին եկեղեցի, որը ձևավորվել է որոշակի քաղաքական պայմաններում»,- ասաց հնագետը:
Հ. Պետրոսյանն ասաց, որ 2014 թ. պեղումների ժամանակ Տիգրանակերտում վաղ քրիստոնեական հրապարակի երկրորդ եկեղեցու բեմի տակ բացել են դամբարան, որն ունեցել է միակ արևելյան մուտք, մինչդեռ քրիստոնեական բոլոր կառույցներն ուղղված են արևմուտքից արևելք. եթե եկեղեցին, մատուռը, դամբարանն ունենում է մեկ մուտք, լինում է արևմուտքից: 2014 թ. Ամարասի Սուրբ Գրիգորիս մատուռի պեղումների ժամանակ նույնպես հայտնաբերել են, որ բացի երկու արևմտյան մուտքից, ունի երրորդ՝ արևելյան մուտք:
«Վստահաբար գիտենք՝ արևելյան մուտք ունի նաև Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանը: Արդեն երրորդ տարին է ակտուալ է դարձել Արցախի տարածքում արևելյան մուտքով դամաբարանների պեղումները և այդ ամենի հիմնավորումը հասկանալն ու ներկայացնելը»,- նշեց նա:
Հ. Պետրոսյանի խոսքով, կարող են ասել, որ այդ ամենը ստեղծվել է 5-րդ դարի վերջին, 6-րդ դարի սկզբներին, նախաձեռնողը եղել է Վաչագան Բարեպաշտ արքան, ով, իրենց ունեցած տվյալների 90 տոկոսով, պարթև Արշակունի է, ինչպես Հայաստանի Արշակունյանց թագավորությունը, խոսել ու գրել է հայերեն: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ Հայաստանում արդեն չկար թագավարություն, Աղվանից թագավորությունը, որի ձեռքի տակ միավորված էին Արցախն ու Ուտիքը, Սյունիքի որոշ մասեր, հայկական բնակչության հիման վրա ստեղծել է իր թագավորությանը հարիր եկեղեցի, փորձել էր իր եկեղեցուն տալ փոքր ինչ առանձնահատուկ ձև:
«Վաչագան թագավորի ռեֆորմը լրիվ հայկականության շրջանակում է, սակայն նրա հիմնական շեշտադրումն էր հայաստանյան եկեղեցուց առանձնացող եկեղեցի ստեղծել, ինչը վայել էր նրա թագավորական իշխանությանը»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է արևելյան մուտքին, նա նշեց. «Կարևորվում է այս դեպքում հատկապես Երուսաղեմի հետ կապը: Առասպելի համաձայն, Աղվանից եկեղեցու հիմնադիրը եղել է Եղիշե առաքյալը, ով անմիջապես Երուսաղեմից է եկել Աղվանք: Քանի որ քրիստոնեական միակ կառույցը, որն ունի արևելյան մուտք, Տիրոջ գերեզմանն է Երուսաղեմում, որոշում են որոշ դամբարաններ նմանեցնել Տիրոջ գերեզմանին ու տալ արևելյան մուտք»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում մի ամբողջ բաժնով աշխատում են մեր փոքրիկ հրապարակումների վրա. Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար
- Տիգրանակերտում այս տարվա պեղումներն ավարտվել են
- Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են
- «Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները» ներկայացվել են Լիոնում կայացած միջազգային կոնգրեսում
- Նոր բացահայտումներ՝ Տիգրանակերտից (լուսանկարներ)
- Տիգրանակերտի հետազոտության, ձեռքբերումների և խնդիրների մասին (տեսանյութ)
- Տիգրանակերտի պեղումների այս տարվա արդյունքները (լուսանկարներ)
- Տիգրանակերտում արձանագրվել է առաջին ու ամենակարևոր հայտնագործությունը
- Տիգրանակերտում վաղքրիստոնեական եզակի դամբարան է հայտնաբերվել (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան