Գյուղնախարարը հույս ունի, որ Հայաստանում հակակարկտային ցանցեր կարտադրեն
Արմավիրում՝ ծիրանենու կոլեկցիոն այգում այս տարի մեծ է եղել ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը: Այս մասին հայտնել են ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ այցելած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին:
Այգում պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, որոնցից 82-ը հայկական ծիրանենու սորտեր են:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը եղել է նաև անցյալ տարի կենտրոնում հիմնված խաղողի կոլեկցիոն այգում, որտեղ մշակվում են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր: Առաքելյանին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, և հավաքագրելու գործընթացը շարունակվում է: Նշվել է, որ այգում նախատեսվում է հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն:
Կենտրոնը նաև 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5.5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի:
«Մենք նախատեսում ենք հաջորդ տարի տնկարանային տնտեսություն ունենալ: Տնկարանային տնտեսության հիմնումը նաև թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչը ինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվ այգիների ստեղծումը ենթադրում է նաև նոր կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարությունը մշակել է հակակարկտային ցանցերի երկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները: Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, ովքեր կկառուցեն գործարաններ և տեղում կարտադրեն հակակարկտային ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերի ձեռքբերումը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ կհաշվեն կարկուտի պատճառած վնասը, ներկայացնում ենք հակակարկտային կայանների համար ծախսված գումարները
- Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային
- Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա
- Դավիթ Տոնոյանն առաջարկել է ներդնել հակակարկտային հրթիռային և ցանցային համակարգեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան