Հայ արվեստագետների աշխատանքներին ծանոթանալն ինձ համար հարստացում էր. Թերեզե Վեբեր
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» անհատական ցուցահանդեսը: Ավելի քան 50 աշխատանք ընդգրկող այս ցուցադրությունը ներկայացնում է Վեբերի ստեղծագործունեության վերջին 20 տարիների աշխատանքները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա լինելու համար արվեստագետը ժամանել է Երևան: Լրագրողների հետ հանդիպմանը Թերեզե Վեբերն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, նկարներ, գծանկարչություն:
«Աշխատում եմ տարբեր տեխնիկաներով: Այս համադրությունը զարգացել է իմ մասնագիտական կարիերայի ընթացքում»,- նշեց նա՝ հավելելով, որ իր բոլոր աշխատանքները կրում են տարբեր մշակույթների դաջվածքը, տարբեր մշակույթներից ստացված իր տպավորությունները, որոնք կուտակել է տարբեր երկրներ ճանապարհորդությունների ընթացքում:
«Երկու տարի առաջ առաջին անգամ եղել եմ Հայաստանում: Այսինքն իմ աշխատանքներում կարող եք տեսնել նաև Հայաստանից ստացված իմ տպավորությունները»,- նշեց շվեյցարացի արվեստագետը:
Թ.Վեբերի խոսքով, այդ այցելության ընթացքում երկար ժամանակ է անցկացրել Հայաստանի Ազգային պատկերասրահում, ծանոթացել հայ արվեստագետների ստեղծած պատմական նկարներին, դիմանկարներին. «Ինձ վրա մեծ տպավորություն են գործել հայ արվեստագետների գործերը: Շատ բան եմ սովորել այդ աշխատանքներից, ինձ համար հարստացում էր»:
Նա նշեց, որ անչափ ուրախ է կրկին հայտնվել Հայաստանում, ծանոթանալ հայ գործիչների հետ ու նրանց աշխատանքներին:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանն ասաց, որ իրենց հիմնադրամի համար նման ցուցահանդես կազմակերպելը շատ մեծ հպարտության առիթ է, քանի որ Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում շվեյցարական ժամանակակից արվեստի դաշտում գործող թղթարվեստի լավագույն վարպետներից Թ.Վեբերի աշխատանքները:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը: