«Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի ամենահամով մասը արտամրցութային ծրագրերն են», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը՝ հիշեցնելով, որ դրանց մեջ ներառվում են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը։
«Այս տարի փառատոնը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով, ընդհանուր առմամբ կցուցադրվի 70 ֆիլմ»,- հայտնեց Ստամբոլցյանը։
Ծրագրերում ընդգրկված են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր՝ հայաց ներսից և դրսից» բաժինները։
««Երևանյան պրեմիերաներ»-ում կցուցադրվեն Վենետիկի կինոփառատոնում Ոսկե առյուծ ստացած «Հեռացած կինը» կինոնկարը, Բեռլինի կինոփառատոնում նույն մրցանակին արժանացած «Մարմնի և հոգու մասին» ֆիլմ։ Կաննի կինոփառատոնում մրցանակի արժանացած «Քառակուսին» և «Անէությունից» ֆիլմերը ևս կցուցադրվեն»,- մանրամասնեց փառատոնի հյուրերի բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը։
Այս բաժնում կցուցադրվեն նաև ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» և Յուջին Քորի «Հավանայի ուրվական քաղաքը»։
«Հետահայաց ցուցադրություններ»-ում կներկայացվի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին («Հրե անվակառքեր», «Հեղափոխություն«, «Ալտամիրա», ով նաև այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:
«Հայեր՝ հայաց ներսից և դրսից» բաժնի համակարգող Անի Հակոբյանը նշեց, որ Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագրում այս տարի ներառված է 36 ֆիլմ. «Այս բաժնի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ Կցուցադրվեն նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմեր»։
Միքայել Ստամբոլցյանը հավելեց, որ հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ:
«Հարգանքի տուրք կմատուցվի և կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին՝ «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը», «Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը», «Կարմիր շրջան»։ Կցուցադրվի նաև Անջեյ Վայդայի վեջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությունով հարգանքի տուրք ենք մատուցում նրա հիշատակին։ Ֆրունզե Դովլաթյանի 90-րդ, Յուրի Երզնկյանի 95-րդ և Սերգեյ Իսրաելյանի 80-րդ հոբելյանների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին կենսագրական ֆիլմ»,- հավելեց Միքայել Ստամբոլցյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ «ասում են, որ տարեցտարի նվազում է փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը»,- Ստամբոլցյանը պատասխանեց. «Մեր հաշվարկներով նախորդ փառատոնին մոտ 40 հազար հանդիսատես է եղել, հավատացնում եմ ձեզ, որ դա հանդիսատեսի կողմից փառատոնների համար հետաքրքրության լավ չափանիշ է։ Մենք չենք նկատել հետաքրքրության նվազում»։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
- «Ոսկե Ծիրանը» հայկական կինոն ներկայացնելու է Անկարայում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը