Առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Վարդան Արամյան
Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա գնահատմամբ, առաջին եռամսյակի համար լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարվա համար թիրախավորել են 3,2 տոկոսը, ինչն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու են հասնել:
Նախարարի խոսքով, ՀՆԱ-ի աճին նպաստել է արդյունաբերությունը, ծառայություններն ու առևտուրը:
Վ. Արամյանի ներկայացմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին կազմել է 5,7 տոկոս, 4,5 տոկոսային կետը ծառայությունների աճի հաշվին, 2,4 տոկոսային կետը՝ արդյունաբերության, իսկ գյուղատնտեսությունը, շինարարությունը բացասական են գրանցել հինգ ամիսների ընթացքում:
Նախարարն ասաց, որ առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազում չեն ակնկալում:
Վ. Արամյանն ավելացրեց, որ արտահանումը շարունակում է դրսևորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ. հինգ ամիսներին ունեցել են 16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը՝ 14 տոկոսից մի փոքր ավելի:
«Այսինքն՝ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը»,- հավելեց նախարարը: