Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ. Տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության երախտավորներից եք, որի ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության և նվիրումի վկայություն է:
Բարձր վարպետությամբ և տաղանդի բացառիկ ուժով ստեղծված Ձեր աշխատանքները մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են, իսկ Մարտիրոս Սարյանի՝ Երևանի սրտում գտնվող Ձեր հեղինակած արձանը արվեստագետի ինքնատիպ ձեռագրի ուրույն դրսևորում է»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: