2017-ի 2-րդ եռամսյակում ներգնա տուրիզմի ոլորտում աճ է գրանցվել. Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ
«2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, ներգնա տուրիզմի ոլորտում զգալի աճ է արձանագրվել՝ տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով` մոտ 25 տոկոսի չափով»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Անդրադառնալով հյուրանոցային քաղաքականությանը՝ բանախոսը նկատեց՝ առաջարկները գնալով ընդլայնվում են. «Երևանում հնարավոր է մինչև անգամ 5-6 հազար դրամով հյուրանոցային համարներ գտնել: Հայաստանն այս առումով բավական մրցունակ է: Նախկինում այդպես չէր»։
Ասոցիացիայի նախագահի խոսքով, զբոսաշրջիկների հոսքը գնալով ավելանում է Իրանից և արաբական երկրներից:
Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ Հայաստանն արտասահմանցի զբոսաշրջիկներին առաջարկելու քիչ բան ունի:
«Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, և զբոսաշրջիկներն այստեղ տեսնելու շատ բան ունեն: Մարդիկ, որպես կանոն, գոհ են մնում մայրաքաղաքի ժամանացային կենտրոններ այցելելուց, տեղական կոնյակը և ուտեստները համտեսելուց: Բացի եկեղեցիներ ու մշակութային վայրեր այցելելուց, զբոսաշրջիկներին առաջարկվում է նաև արկածային, գյուղական տուրիզմ»,- նշեց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահը՝ ափսոսանք հայտնելով, որ Հին Երևան ասվածը, ցավոք, դեռևս չկա, մինչդեռ կարող էր մեծ թվով զբոսաշրջիկներ գրավել:
Ասուլիսին ներկա Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանն իր հերթին նկատեց, որ հայաստանյան շատ հյուրանոցներ, իրենց փոքր չափերով պայմանավորված, չեն կարողանում զբոսաշրջիների մեծ խմբեր ընդունել:
Նրա պնդմամբ, արվում է ամեն բան՝ Հայաստան բերելու ոչ միայն տարեց զբոսաշրջիկների, այլ նաև երիտասարդների՝ ապահովելով վերջիններիս հետաքրքիր ժամանցը:
Քննարկման մասնակից «ԷՊԻԿ» միջազգային նախագծի համահիմնադիր Գևորգ Ավետիսյանն էլ անդրադարձավ կրթական տուրիզմի մի հետաքրքիր նախագծի, որն իրականացվելու է «Արմենիա Թրավել» ընկերության հետ համատեղ:
«Կրթական տուրիզմի շրջանակներում նախորդ տարի Հայաստան եկավ 100 ուսանող։ Այս տարի ավելի շատ են գալու։ Հայաստան այցելում են հիմնականում 50-60 տարեկան զբոսաշրջիկներ, և մեր նպատակն է մեր երկիր բերել նաև երիտասարդներին ու ուսանողներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, տարածեն ինֆորմացիա մեր երկրի մասին։ Հայաստանը բացակայում է կրթական տուրիզմի քարտեզներևից, և մեր նպատակներից մեկն այն է, որ մեզ դրանցում ներառեն: Այս տարի կրթական տուրիզմի շրջանակներում Ծաղկաձորում օգոստոսի 1-21-ը կանցկացվի ամառային դպրոց-ճամբար։ Կլինեն 200 այլազգի ուսանողներ, 50-100 սփյուռքահայ ուսանողներ, 50 ուսանողներ էլ՝ ՀՀ բուհերից։ Տեղացիների համար ամառային դպրոց-ճամբարի ամբողջական փաթեթը կկազմի 250 հազար դրամ, դա բավականին մատչելի է։ Իսկ այլազգիների ու սփյուռքահայերի համար` 970 եվրո»,- ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Արեգ Միքայելյան. Տուրիստական ընկերություններն անտեսում են աստղադիտարանը
- Հայերի գերադասած տուրիստական ուղղություններն այս տարի Հունաստանն ու Եգիպտոսն են. հարցում
- Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված. Լոքյան
- Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի զարգացնելու գաստրոտուրիզմը. Ն.Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում