Յըլդըրըմը հեգնել է ընդդիմության առաջնորդին. Քայլերթի կարիք չկա, կարող է արագընթաց գնացքով գնալ
Յըլդըրըմը, խոսելով ընդդիմության կազմակերպած Անկարա-Ստամբուլ 28 օրանոց բողոքի երթի մասին ասել է. «Պարոն Քըլըչդարօղլուն ինչի համար է քայլում: Լսել եմ՝ ասում է, որ գնում է Էնիս Բերբերօղլուին (բանտարկված ԺՀԿ-ական պատգամավոր-խմբ.) տեսության: Այնտեղ գնալու համար ռամազանի ամսին ու այս տաք եղանակին քայլելու կարիք չկա: Կարող է գնացքով գնալ, այն էլ՝ արագընթաց գնացքով: Ինչու՞ է տանջում ինքն իրեն»:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը ընդդիմությանը կոչ է արել հարգել օրենքները՝ ակնարկելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կարելի է բողոքարկել վերին ատյաններում:
Յըլդըրըմը հիշեցրել է նաև, որ ընդդիմության մի շարք անդամներ, այդ թվում՝ ազատազրկված Բերբերօղլուն մեջլիսում ժամանակին կողմ են քվեարկել պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող օրենքին ու ավելացրել, որ Քլըչդարօղլուն այն ժամանակ պետք է հասկանար, որ դա արվում է դատական գործեր հարուցելու նպատակով:
Թուրքիայի վարչապետը ավելացրել է նաև, որ բողոքի քայլերթ անցկացնելը անպատասխանատու քայլ է, քանի որ հղի է հնարավոր սադրանքներով:
«Սադրանքների հնարավորությունը փոքր չէ: Փողոց դուրս գալիս այդ հավանականությունը միշտ էլ կա` չնայած սադրանքները կանխելու համար համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել: Փողոցում արդարություն փնտրելը չտեսնված բան է: Հարցերը լուծելու վայրը մեջլիսն է: Արդարության հասնելու վայրերն էլ՝ դատարանները: Քըլըչդարօղլուն շարքային մարդ չէ, գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է: Ամենից շատ հենց նա պետք է հարգանք ցուցաբերի սահմանադրության ու օրենքների նկատմամբ: Այդ ճանապարհը, ճանապարհ չէ: Խորհուրդ եմ տալիս հրաժարվել այդ նախաձեռնությունից»,-ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո հունիսի 14-ին դատարանի դահլիճում կալանավորվել է ԺՀԿ պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ինչից հետո էլ նրա կուսակիցները ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ նախաձեռնեցին բողոքի քայլերթը:
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում: