Ռուսաստանի ՊՆ. ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին հնարավոր է, սպանված լինի ռուսական գրոհի հետևանքով
««Իսլամական պետություն» զինված խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին կարող է սպանված լինել մայիսի 28-ին Սիրիայում Ռուսաստանի օդուժի իրականացրած գրոհի հետևանքով»,-այս մասին «BBC»-ի հաղորդմամբ հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ռուսական հարվածի թիրախը եղել է «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքայում «Իսլամական պետության» ղեկավար անդամների հավաքը, և ալ-Բաղդադիից բացի սպանվել է նաև զինված խմբավորման 30 զինվորական առաջնորդ և շուրջ 300 այլ զինյալ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս պահին քննություն է տարվում փաստերը ճշտելու համար:
Նախկինում ևս պարբերաբար հաղորդագրություններ են տարածվել Բաղդադիի մահվան մասին, որոնք ավելի ուշ հերքվել են: