ԱՄՆ-ի ոստիկանությունը Էրդողանի 12 թիկնապահների ձերբակալության օրդեր է տվել
Ամերիկյան իրավապահ մարմինները ձերբակալության օրդեր են տրամադրել Թուրքիայի նախագահի 12 թիկնապահների ձերբակալելու համար, որոնք մայիսի 17-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ ծեծի էին ենթարկել Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց իրականացնողներին: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նախօրեին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Պիտեր Նյուշեմը:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հերթին հայտարարել է, որ իրավապահների քայլերը «հստակ ազդանշան են տալիս, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի նրանց, ովքեր օգտագործում են ահաբեկումը և բռնությունը խոսքի ազատությունը և օրենքով թույլատրելի քաղաքական արտահայտչաձևերը ճնշելու համար»:
Իրավապահ մարմինների հետաքննությունը եզրակացրել է, որ Վաշինգտոնում թուրքական դիվանագիտական կորպուսի նստավայրի մերձակայքում ցուցարարների վրա հարձակված թիկնապահների քայլերը կրել են չարդարացված ագրեսիվ բնույթ: Թիկնապահների ինքնությունը հնարավոր է եղել նույնականացնել կատարված վիդեոնկարահանումների շնորհիվ:
Թուրքիայի նախագահը շտապել է արձագանքել ԱՄՆ իրավապահների այս որոշմանը և հայտարարել է. «Այդ ի՞նչ օրենք է: Ի՞նչ արդարադատություն է: Արդյո՞ք ես ինձ հետ Ամերիկա կտանեի այնպիսի թիկնապահների, որոնք չկարողանային ինձ պաշտպանել»:
Թուրքական արտաքին գերատեսչությունը ևս բողոքի նոտա է հղել այս կապակցությամբ, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան