Սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծելու համար պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնել. Վարդան Արամյան
«Ցուցանիշները բավական ամբիցիոզ են: Մենք չենք վախենում մեր առջև դնել ավելի բարձր թիրախային ցուցանիշներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՝ պատասխանելով հարցին, թե նախօերին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն կառավարությանն առաջարկել է տարեկան ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի աճ՝ 25 տոկոս, 12 տոկոսով գործազրկության նվազում, իրատեսական համարո՞ւմ եք այս պահանջները:
Նա նշեց, որ այդ բարձր նշաձողը նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում դրեց կառավարության առաջ, իրենք պարտավոր ենք դա իրագործել:
Նախարարի խոսքով, մեկ ամսից կեզրափակեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմքում դրված է 5 տոկոսանոց միջին տնտեսական աճի նշաձողը, միաժամանակ կրկնելով, որ 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն իրենց նախընտրած ցուցանիշը չէ. «Որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծել, մենք պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնենք: Հավակնություն նշանակում է ջանքեր: Կհաջողվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց դրա համար պետք է ջանք թափել և ավելի բարձր նշաձող դնել»:
Վ. Արամյանն ասաց, որ երբեք ծրագրում չեն դնի այնպիսի ցուցանիշներ, որոնք կհամարեն ընդհանրապես անիրագործելի:
«Դնում ենք այնպիսի ցուցանիշներ, որոնք բարդ են լինելու իրագործել, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ ունենք բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում նաև մեր հարևանների հետ: Դրա միակ բանալին կայուն տնտեսական աճն է, բարձր տնտեսական աճն է, դրա համար պետք է ջանքեր գործադրել»,- նշեց ֆինանսների նախարարը:
Պատասխանելով հարցին, եթե չապահովեք իշխող ուժի այս պահանջը, հրաժարական կներկայացնե՞ք, Վարդան Արամյանն ասաց. «Իրականում այն ցուցանիշների վրա, որոնք պետք է ապահովել կամ չապահովել, բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել: Հայաստանը մեկուսացած չէ, կան գլոբալ տենդենցներ, զարգացումներ, որոնք կարող են քեզ վրա ազդել»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Վարդան Արամյան
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան