Շվեյցարիայի դատախազությունը հաղորդել է ՖԻՖԱ-ում կոռուպցիային վերաբերող 25 գործի հետաքննության մասին
Շվեյցարիայում դատախազությունը զբաղվում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայում՝ ՖԻՖԱ-ում, կոռուպցիային վերաբերող 25 գործի ուսումնասիրությամբ: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, Ասոշիեյթիդ պրեսին այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Մ. Լաուբերը:
Գերատեսչությունն անցկացնում է տվյալների վերլուծություն: Ներկա պահին հայտնաբերվել է 178 հաղորդագրություն գործարքների մասին, որոնք կարող են կապված լինել փողերի լվացման հետ:
Միաժամանակ Լաուբերը հրաժարվել է հայտնել որևէ ֆիգուրանտի անուն:
Սկզբնաղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն, նրանց թվում է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերը, կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն, նաև 2006 թ. Գերմանիայում աշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեն գլխավորող Ֆրանց Բեկկենբաուերը:
Դատախազությունը նաև զբաղվում է 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններն ընդունող երկրների (համապատասախանաբար՝ Ռուսաստան և Քաթար) ընտրության արդյունքների ուսումնասիրությամբ:
Մայիսին Շվեյցարիայի ոստիկանությունը ԱՄՆ արդարադատության նախարարության հարցման հիման վրա ձերբակալել էր կազմակերպության յոթ բարձրաստիճան պաշտոնյայի կոռուպցիայի կասկածանքով:
Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 14 նախկին և գործող պաշտոնյայի: Քննության վարկածով, 20 տարվա գործունեության ընթացքում պաշտոնյաները ստացել են շուրջ 150 միլիոն դոլար կաշառք: Այս ամենի արդյունքում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացել էր Յ.Բլատտերը: Դրանից հետո ՖԻՖԱ-ն հայտարարել էր ներքին հետաքննություն սկսելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բլատտերը պատմել է, թե ինչու է ցանկացել, որ աշխարհի առաջնությունն անցկացվի Ռուսաստանում
- ՖԻՖԱ-ն Բլատտերին ու Պլատինիին է ուղարկել նրանց որակազրկման հիմնավորումները
- Բլատտեր. «Ես ավարտեցի իմ աշխատանքը ՖԻՖԱ-ում»
- Բլատտեր. «Ես ապացույցներ ունեմ, որ բանավոր գործարքի մասին ուրիշներն էլ գիտեին»