Ասեկոսներին մի հավատացեք. Դավիթ Բաբայան
«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրադրությունը՝ սահմանի ողջ երկայնքով։ Արցախի զինված ուժերը կասեցրել, կասեցնում և կասեցնելու են հակառակորդի ցանկացած ոտնձգություն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հակառակորդի գործողությունների արդյունքում 3 զինծառայողների զոհվելու փաստին։
«Ադրբեջանի սահմանային գործողությունները պետք է դիտարկել երկու հարթությունում՝ մարդասիրական և ռազմաքաղաքական։ Մարդասիրական տեսանկյունից տեղի է ունեցել մեծ ողբերգություն, մենք անդառնալի կորուստ ենք ունեցել։ Ողջ հայությունը սգում է երեք զոհերի մահը։ Իսկ ահա ռազմաքաղաքական տեսանկյունից որևէ տարօրինակ բան չի կատարվել. հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական, հանցավոր գործողությունները։ Ընդ որում, հակառակորդը երբեք չի թաքցրել իր բուն նպատակը՝ նենգորեն խախտելով հրադադարի ռեժիմը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանին ահաբեկչական գործողությունների հրահրում է Թուրքիան։
Դավիթ Բաբայանի խոսքով, օրերս Բաքու այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոշտ և հասցեական հայտարարություն կատարեն։
«Որպեսզի Բաքվի և Անկարայի ահաբեկչական քայլերը ձախողվեն, հասցեական հայտարարությունները պետք է շարունակական լինեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանից նաև հետաքրքրվեցին՝ հավաստի՞ են արդյոք տեղեկությունները, որ երեկվա միջադեպի արդյունքում 3 զոհից բացի ունենք նաև 2 վիրավոր։ Ի պատասխան՝ Արցախի նախագահի խոսնակը հորդորեց վստահել բացառապես պաշտոնական աղբյուրների տարածած տեղեկություններին։
«Վիրավորների և զոհերի մասին հավաստի տեղեկությունների աղբյուրը Արցախի պաշտպանության բանակն ու Հայաստանի պաշտպանության նախարարությունն են։ Եթե այդ կառույցները նման տեղեկություն չեն տարածում, այլ ասեկոսների պետք չէ հավատալ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը շփման գծում կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը. Սենոր Հասրաթյան
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին