«Պիկսարտ» IT ընկերության հայաստանյան մասնաճյուղում 350 մարդ է աշխատում. գործադիր տնօրեն
Երևանում այսօր բացվեց «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր:
ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «Պիկսարտ» ընկերությունը գործունեություն է ծավալում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: 2011թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Պիկսարտ» ընկերությունը ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում և Երևանում:
Լրագրողների հետ զրույցում այսօր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՏՏ երկու ընկերություններում աշխատում են մեծ թվով ծրագրավորողներ։ Հարցին՝ արդյոք այսօր քննարկվել են պետության հետ համագործակցության նոր պայմանավորվածություններ, նախարարը պատասխանեց՝ այսօր ոչ, սակայն նման պայմանավորվածություններ նախարարությունում քննարկվում են ամեն օր։
«Մենք ստեղծում ենք հավելվածներ հեռախոսների համար։ Մեր ամենակարևոր գործը լուսանկարների խմբագրման ծրագիրն է, որի օգնությամբ ամսական մոտ 90 միլիոն մարդ ֆոտոների մշակումներ է իրականացնում։ Ընկերության հայաստանյան մասնաճյուղում աշխատում է 350 մարդ։ Մասնաճյուղեր ունենք նաև ԱՄՆ-ում և Ճապոնիայում»,- ասաց ՏՏ ոլորտի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ վերջին 5 տարիների ընթացքում «Պիկսարտի» ընձեռած հնարավորություններից օգտվել է մոտ 400 միլիոն մարդ։
Հովհաննես Ավոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց ծրագիրը նպատակ ունի դառնալ ոլորտի առաջատարը։ Այսօր «Պիկսարտը» ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ ծրագիրն է, որը լուսանկարի հետ թույլ է տալիս անել ցանկացած բան։
«Մենք բավական մեծ թվով մրցակիցներ ունենք, ինչպես օրինակ համակարգիչների վրա օգտագործվող «Adobe Photoshop»-ը։ Սա մեր առաջին ընկերությունը չէ, այլ ընկերություններ ևս ունեցել ենք, սակայն «Պիկսարտ»-ը հնարավորություն է՝ Հայաստանը ներկայացնելու որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջատար երկիր։ Համագործակցում ենք բուհերի հետ՝ ընտրելով և աշխատանքի ընդունելով լավագույն ուսանողներին»,-ամփոփեց Հովհաննես Ավոյանը։
Ընկերության աշխատակից Հարություն Հարությունյանն էլ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընկերությունում աշխատելը խթանում է նր գիտելիքների ձեռքբերմանը և ֆինանսական կայունությանը։
«Ընկերությունը Հայաստանում լավագույններից մեկն է։ Ասվածի վկայությունն այն է, որ անցած տարի «Պիկսարտը» ճանաչվեց Հայաստանի լավագույն IT ընկերություն։ Ես աշխատել եմ նաև Մեծ Բրիտանիայում և կարող եմ ասել, որ ՏՏ ոլորտի հայ մասնագետները մի քանի անգամ առաջ են եվրոպացի մասնագետներից։ Այստեղ աշխատում են հիանալի մարդիկ, որոնք իսկապես մրցունակ են ողջ աշխարհում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին