Օրհներգը պետք է ունենա ժողովրդին ոգեպնդող խոսք. Գրականագետ
«Եթե մի հարցի մասին խոսվում է մի քանի անգամ, եթե շոշափվում է տարբեր շրջաններում, նշանակում է չլուծված բան կա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով հայկական խորհրդանիշների փոփոխման մասին:
Հայաստանի «Մեր հայրենիք» օրհներգի հետ կապված գրականագետը հիշեցրեց, որ այն իտալացի աղջկա երգն է ուղղված իր եղբորը, իսկ «մեր հայրենիք թշվառ անտերը» իտալացի աղջիկը Իտալիայի համար է ասում: Բ. Կանաչյանի երաժշտությունը, նրա խոսքով, իտալական սրճարանային երաժշտության մոտիվներով գրված մի բան է:
«Եկել, հասել ենք մի օրվա, որ պետք է հայացք նետենք այս ամենին: Ըստ իս՝ օրհներգին ընտելացել ենք, վարժվել ենք, բայց եթե փոխելու ենք, պետք է լուրջ քննարկում լինի»,- ասաց Դ. Գասպարյանը:
Նա առաջարկեց որպես օրհներգ քննարկել Գաբրիել Երանյանի «Առ Հայաստան» երգը՝ գրված Հովհան Վանանդեցու «Առ Հայաստան» բանաստեղծության հիման վրա:
«Առաջարկություն կար նաև Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որի համար երաժշություն գրեց Տիգրան Մանսուրյանը: Մանսուրյանին շատ եմ հավանում, բայց այդ երաժշտությունը ոնց որ թե օրհներգային չէ, իսկ բանաստեղծությունն օրհներգային է»,- նշեց գրականագետը:
Նա նաև ասաց, որ Արամ Խաչատրյանի գրած օրհներգը լավն է, պետք է տեքստը փոխել. «Տարբերակներից, լուծումներից մեկն է: Պետք է քննարկվի գրողների, երաժիշտների մասնակցությամբ»:
Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի հետ կապված նա կրկին նշեց, որ պետք է քննարկել:
«Հաճելի, լավ երգ է»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ օրհներգը պետք է ուրիշ շնչառություն ունենա, ծանր լինի, օրհներգը պետք է ունենա ապագային նայող, ժողովրդին ոգեպնդող խոսք, ոչ թե ընկնող լինի, այլ բարձրացնող, վեհացնող:
«Եթե շատ ցանկանանք, իրար չխանգարենք, իրար լսենք, կանենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է զինանշանին, Դ. Գասպարյանը նշեց, որ Հայաստանի զինանշանն իր խորհրդանշաններով արտացոլում է ողջ հայ ժողովրդի պատմությունը, բայց պետք է զինանշանը լինի պարզ, մատչելի:
«Մարտիրոս Սարյանի զինանշանն արտակարգ լավ զինանշան է, պարզ է, ուղղակի մի քիչ խմբագրում պետք է անել»,- ասաց նա:
Դրոշի հետ կապված գրականագետը նշեց, որ Հայաստանն իր արևային օրերով, ժամերով աշխարհում առաջին երկրներից է, առաջարկում է դրոշը լինի ոսկեցոլ, մեջտեղով անցնի Արարատի կապույտ ուրվապատկերը:
«Ինչ որ կա, կա, դժգոհ ենք դրանից, բայց եթե նորն ենք ընդունում, պետք է լինի շատ լավը, որ ժողովուրդը մի 100 տարի գոհ մնա»,- խոսքը եզրափակեց Դավիթ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: