Երջանիկ կլինեմ, եթե կրկին կարողանամ գալ Հայաստան. Գիա Կանչելի
Վրացի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանում ՝ նրան նվիրված փառատոնի շրջանակներում։
Կանչելին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ուրախ է կրկին Երևանում գտնվելու համար. «Անկեղծ ասած, կարծում եմ, սա կլինի իմ վերջին այցելությունը, առողջական խնդիրներից ելնելով, բայց Աստված տա, եթե կրկին կարողանամ գալ, ես երջանիկ կլինեմ»։
Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությամբ։ Նա նաև «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։
Կոմպոզիտորը պատմեց, որ իր կյանքը կապված է եղել Հայաստանի հետ, բազմիցս եղել է Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ գրել է իր 6 սիմֆոնիաները. «Ստեղծագործություններս միշտ ներկայացնում էի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները»։
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում՝ Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի և կինոյի համար:
«Գիա Կանչելի» փառատոնը (հունիսի 18-20)-ը Երևանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան