«Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրն առաջարկում է 30-ից ավելի գիրք
«Զանգակ» հրատարակչությունը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն իրականացնում է «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա մանկապատանեկան ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի գրախանութներում կամակերպվում են տարբեր միջոցառումներ: Լրագրողների հետ հանդիպմանը «Ամառային ընթերցանություն» ծրագրի կազմակերպիչ Մարիաննա Աճեմյանն ասաց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս գնել մեկ գիրք և հնարավորություն ստանալ կարդալու ծրագրում ընդգրկված բոլոր գրքերը:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս ընթերցելու հայ և համաշխարհային հեղինակների շուրջ երեք տասնյակ և ավելի գրքեր»,- նշեց նա:
Ծրագիրն իրականացվում է «Զանգակ» հրատարակչության գործընկեր 24 գրախանութում, որտեղ տեղակայված են «Տնակ» գրապահարաններ:
«Երեխան ձեռք է բերում մեկ գիրք, միջինացված արժեքը՝ 2800 դրամ, ստանում է համապատասխան քարտ, որը, ներկայացնելով ցանկացած գործընկեր գրախանութ, կարողանում է փոխանակման սկզբունքով ընտրել ծրագրով առաջարկվող ցանկացած գիրք»,- ասաց Մարիաննա Աճեմյանը:
«Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի կազմակերպիչ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ ամեն տարի փորձում են ներկայացված գրքերի ցանկն ավելացնել, նոր գրքեր ներառել:
«Նախորդ տարիներին նկատել ենք, որ երեխաներն ընթերցում են ներկայացված բոլոր գրքերը»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց հիմնական նպատակն է երեխաների մեջ սեր զարգանել ընթերցանության նկատմամբ:
«Երեխաները ընթերցում են, սիրում են գիրքը»,- ընդգծեց Ս. Հովհաննիսյանը:
Կազմակերպիչների խոսքով, մարզերում երեխաները նույնպես բավականին ակտիվ են, ընթերցանության մակարդակը մարզերում էլ բավականին լավ է:
Ծրագրի շրջանակում երեխաները ոչ միայն ընթերցելու հնարավորություն են ունենում, այլ նաև մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչը, Մարիաննա Աճեմյանի խոսքով, հնարավորություն է տալիս երեխաներին շփվելու միմյանց հետ, զարգացնելու իրենց ընթերցելու ունակությունները, հմտությունները, այսինքն ստեղծում են գրական մշակութային միջավայր երեխաների համար:
Ծրագիրն իրականացնում ենք 2014 թվականից: Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ, ծրագիրն ունեցել է 1000 ավելի մասնակից:
Ասուլիսին ներկա «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանն ասաց, որ ամառն այն շրջանն է, երբ երեխաները ազատ ժամանակ ունեն ընթերցելու այն, ինչ կցանկանան, վայելելու ընթերցանությունը, ոչ թե պարտադրված կարդալու. «Ամառը հրաշալի ժամանակ է գեղագիտական, գեղարվեստական ընթերցանության համար»:
««Ամառային ընթերցանությունը» «Զանգակի» մշակութային քաղաքականության մի մասն է: Ծրագրի շրջանակում առաջարկում ենք այն, ինչ մեր մասնագետների կարծիքով, հարմար է, համարժեք է որոշակի տարիքի երեխաների գրական ճաշակին, այն, ինչ հրատարակվել է վերջին տարիներին: Այս տարի ընտրությունը բավականին մեծ է՝ հայ մանկագիրների երկեր, թարգմանական գրականություն, ծավալուն գրքեր, վիպակներ»,-նշեց Ա.Ջիվանյանը