Այն, ինչ ԻՊ-ում կա այսօր, մենք տեսել ենք Ադրբեջանում՝ 90-ականներին. փախստական
Փախստականների խնդիրն աշխարհում տարեցտարի ավելի է ահագնանում: Փախստականների հարցը դառնում է գործիք, միջոց՝ քաղաքակրթությունն ավերելու համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
«Այն, ինչ ԻՊ-ում կա այսօր, այդ ամենը մենք տեսել ենք Ադրբեջանում՝ 90-ականներին: Դա ցեղասպանություն էր, որին ՀՀ երկու պետությունները ամբողջական գնահատական չեն տվել: Այդ ցեղասպանության հետևանքով հայաթափվեցին բնիկ հայկական բնակավայրեր, 660 հազար հայեր տեղահանվեցին և ցրվեցին աշխարհով մեկ»,- ասաց նա:
Մարիամ Ավագյանի խոսքով, Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականներն իրենց իրավունքների վերականգնման համար ամեն տարի այցելում են Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատներ: Առաջիկա ուրբաթ այդպիսի այց պետք է կայանա Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:
Բանախոսը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փախստականներն ունեն այն նույն խնդիրները, ինչ բոլոր մյուս հայաստանցիները՝ գումարած, որ շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը, զրկված են բնակության մշտական վայրից:
Ասուլիսին ներկա ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն էլ իր հերթին նկատեց, որ փախստականների թեման Հայաստանում ակտուալ չէ, ինչն աններելի է:
Նա նշեց, որ Նոր Հաճնում, Աբովյանում կամ Չարենցավանում նախատեսվում է բացել Գարդմանի և Շիրվանի երկրագիտական թանգարան, որը զբաղվելու է այդ տարածքներում տարիներ առաջ բնակված հայերի պատմամշակութային առանձնահատկությունները ցուցադրելով: Թանգարան պահելու համար, Հակոբյանի գնահատմամբ, բավական է բյուջեից տարեկան 5-6 միլիոն դրամ հատկացնելը:
Փախստականների մեջ կան ակտիվիստներ, որոնք ունեն եզակի նյութեր: Այստեղ կկատարվի նաև փախստականների մշտական հաշվառում: Արվելու է ամեն բան, որպեսզի մարդը չամաչի ասել՝ «ես Բաքվի հայ եմ», մի բան, որն ասելիս այժմ բարդույթավորվում է:
Մարիամ Ավագյանը, որպես թանգարանի գաղափարի շարունակություն, նշեց Որոտան գետի հարթավայրային գողտրիկ մի անկյունում հատուկ փախստականների համար քաղաք ստեղծելու հեռանկարը: Նրա խոսքով, արտասահմանում բնակվող բազմաթիվ փախստականներ պատրաստակամ են ներդրումներ կատարել՝ գաղափարը կյանքի կոչելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան