Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի կրակոցների միջադեպի հետ. Գիլոյան
«Միանգամից ուզում եմ բոլոր կասկածները փարատել, Միհրան Հարությունյանը որևէ կապ չունի կրակոցների միջադեպի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Ռուսական կայքերը գրեցին, թե իբր Օլիմպիական խաղերի մեր արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ինչ-որ կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից է եղել: Եվ ես, և Արսեն Բադալյանը, և Սամվել Գևորգյանը զրուցել ենք Միհրան Հարությունյանի հետ, նա բացարձակ, որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Միակ առնչությունն այն է, որ ավտոսպասարկման կետում նորոգելու համար կանգնած է եղել նրա մեքենան։ Նա ոչ միայն այնտեղ չի եղել, այլ ընդհանրապես տեղյակ չի եղել այդ ամենից: Ուղղակի երբ ոստիկանները եկել են և միջադեպի մասնակիցներին ձերբակալել են, նաև ստուգել են կայանված մեքենաները, որոնցից մեկը Միհրան Հարությունյանինն է եղել»,-մանրամասնեց Գիլոյանը:
Նաև հավելեց, որ այժմ հայ մարզիկը շարունակում է ապաքինվել, ուսի վնասվածք ունի, զբաղվում է դրա բուժմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ
- Միհրան Հարությունյանը կրակել է ընկերոջ վրա
- Միհրան Հարությունյանը վերականգնողական փուլում է
- Միհրան Հարությունյան. «Եկա, տեսա, հաղթեցի»
- Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պահպանում են առաջատար դիրքերը