Փոփոխություններ՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:
«Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը Արային Բաղդադյանն է, ով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր: Այժմ աշխատելու է որպես գլխավոր քարտուղար, ով միջազգային կառույցների հետ կապի առաջին պաշտոնյան է: Ֆեդերացիայում նշանակվել է երկու փոխնախագահ, հունահռոմեական ոճը կհամակարգի Արսեն Բադալյանը: Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբշամարտի պատասխանատուն է, փոխնախագահը»,-ներկայացրեց նա:
Գիլոյանի խոսքով՝ ակտիվացվելու է Երևանի ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահը Սամվել Գևորգյանն է:
«Լևոն Ջուլֆալակյանը շարունակելու է գլխավորել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը: Հավաքականի մարզչի պաշտոնակատարն այս պահին Հաբեթնակ Կուրղինյանն է, ով եղել է հավաքականի մարզչական շտաբում»,- նշեց ֆեդերացիայի մամուլի խոսնակը:
Անդրադառնալով Արմեն Մկրտչյանի հրաժարականին՝ Գիլոյանը ներկայացրեց նրա անձնական դիմումը և ասաց. «Դիմումում նշված է՝ աղջկաս հիվանդության պատճառով, խնդրում եմ ազատել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այն գրված և ստորագրված է իր ձեռքով: Արմեն Մկրտչյանը վատ չաշխատեց, Եվրոպայի առաջնությունից երեկ էլ Հայաստանը երեք բրոնզե մեդալ բերեց, կարճ էր ժամանակը, շնորհակալ ենք նրան աշխատանքի համար»: