Հայաստանում ապրող սիրիահայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ բանվորությունից մինչև արվեստ, գիտություն
Սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված փախստականների թիվը ներկայում շուրջ 22 հազար է. նրանց մեծամասնությունը սիրահայեր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:
Նրա խոսքերով՝ նրանց մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն, օգտվում են բոլոր հնարավորություններից, որոնք կան ՀՀ քաղաքացիների համար. «Այստեղ ամեն ինչ արվում է նրանց արագ ինտեգրումն ապահովելու համար: Սիրիահայերի համար մենք փորձում ենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան հեշտ ինտեգրվել, ինչպես նաև աստիճանաբար խթանել բիզնեսում կայանալու նրանց ջանքերը»:
Ըստ վարչության պետի՝ Սիրիայում պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիացիների նկատմամբ ՀՀ կառավարությունը որդեգրել է ջերմ և հյուրընկալ մոտեցում. «Հայաստան տեղափոխվածների գերակշիռ մասը սիրիահայեր են, ուստի իրենք չեն դիտարկվում որպես փախստական, դրա համար հնարավորինս պարզեցվել են նրանց քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգերը»:
Լևոն Անտոնյանը նշեց, որ Հալեպում իրավիճակի կայունությունից հետո, կարծես թե, Հայաստան ժամանողների թիվն այդքան էլ մեծ չէ, սակայն 2017 թվականի հունվարից մինչև օրս Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 75 մարդ. «Որոշակի տեղեկատվություն կա Հայաստանից Սիրիա մեկնող մարդկանց մասին, որոնց մեծ մասը տեղափոխվում է այնտեղ՝ տեղեկանալու իրենց հարազատների, թողած գույքի ճակատագրի մասին»:
Նա նաև նշեց, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի համար իրականացվում են երկարաժամկետ և մնայուն ծրագրեր, ներկայումս աշխատանքներ են տարվում սիրիահայերի ինտեգրման ռազմավարության մշակման ուղղությամբ. «Այսօր մենք հատկապես մեծ աշխատանք պետք է իրականացնենք սոցիալական բնակարանների և աշխատատեղերի ստեղծման համար: Այդ նպատակով համագործակցում ենք տարբեր կառույցների և դոնոր կազմակերպությունների հետ»:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանն էլ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին իսկ վայրկյանից օգնություն է ցուցաբերել սիրիահայերին. «Սփյուռքի նախարարությունը փայլուն աշխատանք է կատարել ոչ միայն սիրիահայերին ընդունելու, այլև տարբեր հարցերում աջակցելու համար»:
Ըստ նրա, Հայաստանում սիրիահայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ բանվորությունից մինչև բժշկություն, արվեստ, գիտություն: Վերջին շրջանում սիրիահայերը նաև իրենց խոհարարական հմտություններ են ցույց տալիս և Հայաստանում լայն տարածում է գտնում արևելյան խոհանոցը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրահայերն արտադրում են որակով արտասահմանյան բրենդայիններին չզիջող ապրանքներ . ՀԿ նախագահ
- Սփռոցներ, զարդեր, նկարներ, անուշեղեն, համեմունքներ` սիրահայերի ցուցահանդես-տոնավաճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան