Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» շարժումը հաղթել է խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» շարժման թեկնածուները խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ստացել են 577 մանդատներից 308-ը: Եվս 42 մանդատ ստացել է դաշնակից «MoDem» («Դեմոկրատական շարժում») կուսակցությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:
Այսպիսով՝ նախագահ Մակրոնի շարժումը կվերահսկի Ազգային ժողովի ձայների բացարձակ մեծամասնությանը:
Ընտրությունների վերջնական արդյունքներով՝ աջ-կենտրոնամետ «Հանրապետական» կուսակցությունը ստացել է 113 պատգամավորական մանդատ, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, «Դեմոկրատների և անկախների միությունը»՝ 18, «Անկոտրում Ֆրանսիան»՝ 17, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ 10, իսկ Մարին Լը Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ: