Թբիլիսիի միջադեպի հետ կապված դիմել ենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա. Ջուլֆալակյան
«Թբիլիսիում տեղի ուենցած միջադեպից հետո հայկական մի քանի լրատվականներում սխալ տեղեկություններ տարածվեցին, ինչը բավականին տհաճ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն՝ անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի մրցումներում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին:
Նրա խոսքով՝ Արթուր Ալեքսանյանը մեծ ըմբիշ է, որի մասին չի կարող սխալ ինֆորմացիա տարածվել:
«Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ, ով այնքան էլ ճանաչում չունի, միջազգային մրցումների մասնակից է, բայց դասակարգումով շատ հետ է մնում Ալեքսանյանից ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Մրցման 5 րոպե 16-րդ վայրկյանին երկրպագուները վրդովվեցին, որն իրոք տեղին էր: Արթուրը միայն հարձակվում էր, բայց երկրպագուների համար անարդար էր, որ մրցավարները միավորներ շռայլեցին վրացի ըմբիշին: Տեղի ուենցավ միջադեպ երկրպագուների միջև: Մրցմանը դեռ 44 վայրկյան կար, ու ես համոզված էի, որ Արթուրն այդ 44 վայրկյանում միավորներ կհավաքեր, սակայն գոտեմարտն ընդհատվեց»,-մանրամասնեց Ջուլֆալակյանը՝ նշելով, որ միջադեպը տևեց մոտ 15 րոպե:
Մարզիչը պատմեց, որ հարձակում է սկսվել Արթուր Ալեքսանյանի հոր ու նրա մարզչի՝ Գևորգ Ալեքսանյանի վրա. «Նրանց քաշքշել են, Արթուրն էլ, վերևից տեսնելով, իջել է գորգից բայց զսպել իրեն, սակայն գորգից իջնելը խախտում է համարվել: Ըստ այդմ՝ նրան այս մրցաշարում որակազրկեցին: Արթուր Ալեքսանյանը գորգ էր իջել խնդրելու երկրպագուներին, որ հանդարտվեն, նա որևէ մեկին ոչ ձեռքով կպել է, ոչ էլ անպատվել, բոլոր ձայնագրությունները կան, որոնցում երևում է, որ Արթուր Ալեքսանյանը գորգից բացակայել է ընդամենը 20 վայրկյանով»:
Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ այս միջադեպի հետ կապված քայլեր ձեռնարկեն:
«Մրացավարները պետք է տեղում լինեն: Նման պարտությունները կամ նվիրատվություններն անընդունելի են: Հանրությունը պարտավոր է իմանալ, որ Արթուր Ալեքսանյանը բացարձակ որևիցէ ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել, գոտեմարտում շատ առավելություններ ուներ և հաղթանակն իրենն էր»:
Նա հավելեց, որ այդ որակազրկումն արգելք չէ այլ մրցաշարերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, այդ որակազրկումը միայն տվյալ մրցաշարի համար է:
Հիշեցնենք, որ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Ռևազ Նադարեիշվիլու հետ։ Սակայն վրացի ըմբիշի օգտին արված կողմնակալ մրցավարության պատճառով վիճաբանություն էր սկսվել, և հայ օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ գոտեմարտը ավարտին չէր հասցրել:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններ՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում
- Արթուր Ալեքսանյանը երկու հորիզոնականով նահանջել է UWW-ի վարկանիշային աղյուսակում