Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրով ՀՀ մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և ծառայությունների մատուցմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձևավորմանը:
Ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը ներկայացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, մինչև 2020 թվականի ավարտն ընդունել պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրից բխող իրավական ակտերը:
Կառավարության նոր ծրագրով առաջարկվում է 2017-2020 թվականների ընթացքում մշակել պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային քաղաքականության ակտիվացման, կառավարման նոր մոդելների ներդրման ծրագրեր:
Հայաստանում կինոարտադրության զարգացմանն ուղղված կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել «Ֆիլմ հանձնակատարի» ինստիտուտը, մինչև 2018 թվականի ավարտը մշակել կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման իրավական հիմքերը, մինչև 2018 թվականի ավարտը պատրաստել պետություն-մասնավոր համագործակցությամբ տարածաշրջանային կինոդպրոցի ստեղծման ծրագիրը:
Մարզերում մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից գործարկել մարզերում նոր ձևավորված մշակութային միավորումների և անհատների ստեղծագործական ծրագրերին աջակցության ծրագիրը: 2018 թվականից սկսած նախատեսվում է ընդլայնել ծրագիրը շարժական կինոթատրոնների ներդրմամբ, որի արդյունքում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում տարեկան մինչև 200 կինոցուցադրություն կկազմակերպվի, 2018 թվականին ՀՀ մարզերում մեկնարկել համայնքային կինոթատրոնների հանրապետական կինոցանցի ստեղծման ծրագիրը:
Օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակման և համաշխարհային մշակույթը ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ներկայացնել հայ մշակույթն օտարերկրյա պետություններում՝ կազմակերպել քաղաքակրթական ցուցահանդեսներ աշխարհի (այդ թվում՝ Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի) հեղինակավոր թանգարաններում և առաջատար ցուցասրահներում, մասնակցել հեղինակավոր միջազգային փառատոներին, ցուցահանդես- տոնավաճառներին և մրցույթներին, մասնավորապես, արվեստի, ճարտարապետության, կինոյի և գրականության ոլորտներում, փոխադարձության սկզբունքով «մշակույթի օրերի» կամ այլ ձևաչափով հայկական մշակույթը ներկայացնել օտարերկրյա պետություններում՝ յուրաքանչյուր տարի առնվազն 5 երկրում, ներկայացնել օտարերկրյա պետությունների մշակույթը Հայաստանում:
Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից սկսած մեկնարկել պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստիարակչական ուղղվածություն ունեցող գիտահանրամատչելի և ճանաչողական հեռուստահաղորդումների ստեղծման աշխատանքները:
Մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ կառավարությունը նախատեսում է ավարտել հայկական մշակութային ստեղծագործական ներուժի գույքագրումը, տեղորոշումը և հաշվառումը, միասնական տեղեկատվական շտեմարանի (պորտալի) ստեղծումը:
Մշակույթի ոլորտում նախատեսված մյուս միջոցառումներին կարելի է ծանոթանալ ծրագրում:
Հիշեցնենք, որ այսօր գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2017-2022 թթ ծրագրին: Դրան հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին կգումարվի ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական նիստ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հունիսի 21-ին նիստ կգումարի
- Կառավարության նոր ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
- Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից. Ա. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան