Վերծանվել է 2600-ամյա գրառում
Թել-Ավիվի համալսարանի գիտնականները հայտնաբերել են անհայտ տեքստ կերամիկական բեկորի վրա, որը գտնվել էր Արադ քաղաքում դեռ 1960-ական թվականներին: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ուղերձում խոսքը գինու գնումների մասին է:
Մինչև վերջերս գտածոյի մի մասը դատարկ էր համարվում: Արադը, որտեղ գտել են իրը, օգտագործվել է որպես ռազմական հենակետ: Ճակատային մասում արվածը ծառայողական գրառումներ են և ռազմական ֆինանսների հաշվետվություններ: Հակառակ մասի գրառումը հնարավոր է եղել վերծանել միայն հիմա՝ սկանավորման նոր համակարգի օգնությամբ: Աչքի համար անտեսանելի հատվածում հեղինակը գրում է յուղի մատակարարումների մասին և խնդրում գինի ուղարկել կայազորի կարիքների համար:
Գրառումից պարզ է դառնում, որ մ.թ.ա. 6-րդ դարում Արադի կայազորի մատակարարման համար պատասխանատու պաշտոնյան, պետք է սննդամթերք ստանար: Յուղի և ալյուրի հետ ուղարկվել է նաև ուղեկցող նամակ կերամիկական բեկորի վրա: Ենթադրվում է, որ ուղերձի հասցեատերը Էլիշիվ բեն-Օշայահու անունով սպա է եղել, իսկ հեղինակը՝ ոմն Հանանիահու Բեեր-Շեվա քաղաքից:
Նամակը սկսվում է բարեկամական ողջույնից: Դրանից հետո հիշեցում է արծաթ և ոսկի տեղափոխելու անդորրագրի մասին, ինչպես նաև ցանկություն՝ ուղարկելու ինչ որ ապրանք, որի անվանումն ընթեռնելի չէ: Հետազոտողները կերամիկական անոթը թվագրում են մ.թ.ա. 600 թվականով: Դա նշանակում է, որ նամակագրությունը տեղի է ունեցել Առաջին Տաճարի ժամանակներում և բաբելոնական Նաբուգոդոնոսոր 2-րդ արքայի կողմից Հրեաստանը գրավելուց քիչ առաջ: