Հայաստան-Կատար հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական նշանակություն չունեն. Արմեն Պետրոսյան
«Սովորաբար նման այցերի պարագայում առավել արտահայտիչ է դրանց ձևը, քան բովանդակությունը: Կատարի համար ստեղծված նման բարդ իրավիճակում ՀՀ ԱԳ նախարարի այցն այդ երկիր, իմ կարծիքով, բավական կարևոր է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև, ընդհանրապես, տարածաշրջանային գործընթացների համատեքստում»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի Դոհա կատարած կարճատև աշխատանքային այցի նշանակությունը:
Փորձագետի կարծիքով՝ «Տարածաշրջանային մի շարք երկրների կողմից ավելի քան 2 շաբաթ շարունակվող Կատարի մեկուսացման քաղաքականության ֆոնին, երբ Կատար պետությունը հայտնվել է բավական բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում, ՀՀ ԱԳ նախարարի այցն այդ երկիր կարելի է գնահատել առավելապես որպես պաշտոնական Երևանի նախաձեռնողական քաղաքականության դրսևորում, ինչն, իմ կարծիքով, ողջունելի է: Իր բովանդակության մեջ նման քայլը կարող է նշանակել՝ առաջին հերթին դեռևս մայիսի կեսերին ՀՀ նախագահի՝ Դոհա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հետ կապված հայկական կողմի հետևողականության հավաստիացում, ինչպես նաև՝ստեղծված խրթին իրավիճակում Կատարի բարեկամ ժողովրդին զորակցության ցուցաբերում և վերջապես նոր իրողություններով պայմանավորված՝ որոշ ուղղություններում առավել առարկայական համագործակցության ակտիվացում»,- նկատեց Պետրոսյանը, ապա հավելեց. «Վերոնշյալի համատեքստում գուցե իրավիճակային որոշակի պարզություն նկատվի արդեն առաջիկայում, քանի որ Կատարի շուրջ գործընթացները բավական արագ են զարգանում»:
Անդրադառնալով Նալբանդյանի այցի հնարավոր բացասական հետևանքներին՝ փորձագետը նշեց. «Առհասարակ, նման ճգնաժամային պայմաններում այսօրինակ քայլերը տրամաբանորեն կարող են ենթադրել նաև որոշ հետևանքներ՝ տվյալ դեպքում հաշվի առնելով այն իրողությունը, որ հակակատարյան առանցքի կարևոր դերակատարներից են Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այնպիսի արաբական երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Եգիպտոսը: Մինչդեռ և՜ Հայաստան-Կատար հարաբերությունների բնույթն ու շրջանակը, և՜ Պարսից ծոցում ծավալվող գործընթացների առնչությամբ արտաքին հիմնական դերակատարների դիրքորոշումը խոսում է այն մասին, որ նման քայլի արդյունքում պաշտոնական Երևանի հնարավոր ձեռքբերումները միանշանակորեն շատ ավելի շոշափելի կլինեն»:
Մեր զրուցակիցը նաև մանրամասնեց. «Բանն այն է, որ Հայաստան-Կատար հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական նշանակություն չունեն և, այս իմաստով, հազիվ թե հակասեն նաև վերոնշյալ արաբական երկրների շահերին: Մյուս կողմից, ականատես ենք լինում հիմնախնդրի առնչությամբ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հիմնական դերակատարների՝ մեզ համար բավական շահավետ դիրքորոշման: Նախ, Արևմուտքը՝ հանձին ԱՄՆ-ի, ԵՄ-ի, արտահայտում են հնարավորինս չեզոք մոտեցում՝ խնդրի կարգավորումը թողնելով հենց կողմերի նախաձեռնողականության վրա: Ռուսաստանը, Չինաստանը դրսևորում են համեմատաբար պրոկատարական դիրքորոշում, իսկ բարեկամ Իրանն ու ոչ բարեկամ Թուրքիան, անթաքույց կերպով հանդես գալով Դոհայի օգտին, նաև փորձում են ուղղակիորեն օգուտ քաղել ստեղծված ճգնաժամային իրավիճակից»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր ձեռքբերումներին՝ Պետրոսյանը նշեց. «Նախ, հերթական անգամ ընդգծվում է արաբական, իսլամադավան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի կարևորությունը՝ որպես հակակշիռ հարևան ոչ բարեկամական երկրների կողմից այս ուղղությամբ պարբերաբար իրականացվող նպատակային գործողությունների, բացի այդ՝ նաև երկկողմանի հարաբերություններում պաշտոնական Երևանի՝ վստահելի գործընկեր լինելու գործոնը, ինչը, իմ կարծիքով, ոչ երկարատև այս ճգնաժամի հանգուցալուծումից հետո հավելյալ խթան կհաղորդի Դոհայի հետ երկկողմանի հարաբերություններին: Բացի նշվածից, հատկապես մերձավորարևելյան որոշ հիմնախնդիրներում վերջին շրջանում Երևանի դրսևորած բավական ակտիվ և նախաձեռնողական դերակատարությունը միանշանակորեն դրական ազդեցություն կունենա ՀՀ արտաքին իմիջի վրա»:
«Եվ, իհարկե, չի կարելի բացառել նաև ուղղակի տնտեսական նոր հնարավորությունները, քանի որ փաստացի շրջափակաման մեջ հայտնված ավելի քան 2,5 մլն-անոց շուկայում սրվել է նաև այնպիսի ապրանքատեսակների պահանջարկը, որոնց անմիջական մատակարարը կարող են դառնալ նաև հայ գործարարները»,- իր խոսքը եզրափակեց Ա.Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում