ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ. Աշոտյան
Տարածաշրջանային մակարդակում գրեթե բոլոր նախագծերի հաջողությունը վտանգված է Ադրբեջանի ապակառուցողական և արկածախնդիր քաղաքականության պատճառով,- այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ հանդիպմանը նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս համատեքստում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է հունիսի 16-ին և 17-ին Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին և նշել, որ այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ՝ ի կանխարգելումն նոր մարդկային կորուստների և ի նպաստ տարածաշրջանային կայունության:
Դեսպան Ուրազաևը նշել է, որ 21-րդ դարում պետք է բացառել հակամարտությունների լուծման ռազմական տարբերակը:
Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը և դեսպան Ուրազաևը անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խնդիրներին և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս համատեքստում քննարկվել են նաև տնտեսական, ներդրումային արդյունավետ քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել քաղաքական ոլորտում համագործակցությանը, որը լավ հիմք է առավել ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացման համար: