«Շամիրամի տեսիլքը»՝ պարի լեզվով
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 5-ին տեղի կունենա «Բարեկամություն» պետական պարախմբի հիմնադրման 30-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական երեկոն։ Մշակույթի նախարարության հաղորդմամբ, կայանալու է «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան:
Երեկոյին համատեղ ելույթ են ունենալու «Բարեկամություն» խումբը և Շվեդիայի արքայական բալետի արտիստներ Մարիկո Կիդան, Վահե Մարտիրոսյանը:
«Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման լիբրետոն ՀՀ ժող. արտիստ Նորայր Մեհրաբյանին է, բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանի, բեմանկարիչն է Յուրի Ժուկով, զգեստների նկարիչը՝ Ռուբինէ Հովհաննիսյան։ Արա Գեղեցիկի դերում հանդես է գալու ՀՀ վաստակավոր արտիստ, Բավարիայի պետական թատրոնի մենակատար Տիգրան Միքայելյանը, Շամիրամի դերում ՝ Աննա Քալաշյան։
Պարախմբի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժող. արտիստ Նորայր Մեհրաբյանը: