Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են: Panorama.am-ին Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասաց, որ այժմ նա մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ:
«Զենքի մաքսանենգությունը դուրս է եկել, դրա փոխարեն մտցվել է փողերի լվացման հոդվածը՝ Քրեական օրենսգրքի՝ 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 1-ին մաս»,- նշեց նա:
Փաստաբանը միաժամանակ հավելեց, որ Սամվել Բաբայանը երկու մեղադրանքին էլ համաձայն չէ:
Հարցին, թե ի՞նչ հիմքով է փողերի լվացվման մեղադրանք առաջադրվել, Ա. Քալաշյանն ասաց, որ ավելի մանրամասն առայժմ չի կարող տեղեկատվություն հայտնել:
Պատասխանելով հարցին, թե մաքսանենգության մեղադրանքն ի՞նչ հիմքով է հանվել, Ա. Քալաշյանն ասաց. «Այն հիմքով, որ գործով որևէ կերպ չի ապացուցվել, որ Սամվել Բաբայանը կատարել է նման գործողությունններ, այսինքն այն, ինչ մի քանի ամիս շարունակ մենք ասում ենք: Մաքսանենգության հետ որևէ առնչություն չունի»:
Ս. Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված էր 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։
Ս. Բաբայանը կալանավորվել է մարտի 24-ին:
Այս գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նյութերը կուղարկվեն կողմերին՝ ծանոթանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածով
- Սամվել Բաբայանը կալանավորվել է
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ՕՐՕ-ն կոչ է անում դիտորդական առաքելություններին «Ս. Բաբայանի հետ կապված գործով»
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է