Ամեն ինչ արվում է, որ Արցախում վիրավորված զինծառայող Արմեն Վարդանյանն արագ ոտքի կանգնի. Կամավոր Խաչատրյան
Հունիսի 17-ին Արցախից ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, զինծառայողի գիտակցությունը տեղն է, վիրահատության կարիք այս պահին չկա:
Ըստ նրա՝ հետագայում եթե անհրաժեշտություն լինի, ապա կվիրահատեն: «Թևերն ու ոտքերն արդեն շարժում է, իհարկե աջ թևը մի քիչ դժվարությամբ: Արդեն ակտիվ է, բայց նրան դեռ չեն քայլեցնում, որոշ ժամանակ անց արդեն կփորձեն քայլեցնել»,- նշեց Բուժծառայության վարչության պետը:
Նրա խոսքերով՝ ամեն ինչ անում են, որ զինվորն արագ ոտքի կանգնի:
Նշենք, որ Արմեն Վարդանյանը ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային վնասվածք: Նրան Արցախից Երևան են տեղափոխել հունիսի 17-ին:
Հիշեցնենք, որ որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը : Երեք զինծառայող՝ Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել են:
Հունիսի 17-ին ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
- Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
- ԱՆ. Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել