Մինչև իմ ուսանողն այս երկրում իր տեղը չգտնի, ես որևէ ծրագրի չեմ հավատա. տնտեսագետ
Այս տարի տնտեսական աճ ապահովելու համար կան դրական սպասումներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Եւ օբյեկտիվ, և սուբյեկտիվ տեսանկյունից կան դրական զարգացումներ: Ես դա կվերագրեի կառավարության գործելաոճին, նոր աշխատաոճին: Բացի այդ, գլոբալ առումով մենք տեսնում ենք զարգացման որոշակի միտումներ, որոնք չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի վրա»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ ամենը, բնականաբար, չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության աճի վրա:
2017 թվականին, պետական բյուջեի նախագծի համաձայն, սպասվում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսանոց իրական աճ, ինչը Թաթուլ Մանասերյանը իրատեսական է համարում, բայց միևնույն ժամանակ ճիշտ չի համարում, որ նման շեմ է սահմանվում:
«Դա այն թիվը, այն նպատակը չէ, որ մենք դնում ենք մեր առջև: Չի կարելի այդպիսի նպատակներ դնել: Ես կողմ եմ նրան, որ դրվեն բարձր նպատակներ և, եթե դրանք չիրագործվեն, այդուհանդերձ, մեզ ավելի առաջ կտանեն, քան ցածր նշաձող սահմանելը»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրին, որի համաձայն՝ նախատեսվում է տարեկան ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, տնտեսագետն ասաց, որ դա նույնպես իրատեսական ծրագիր է, մենք ունենք այդ պոտենցիալը, բայց կառավարության նախորդ ծրագրում կան բազմաթիվ դրույթներ, որոնք կյանքի չեն կոչվել:
«Միգուցե ասեն, թե կարճ ժամանակ է անցել, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն արվել: Դա վերաբերում է և երիտասարդությանը, և գիտությանը: Առանց գիտության ոլորտի բարեփոխման՝ ուղղակի չեմ հավատում մնացած բարեփոխումներին: Քանի դեռ այնտեղ այդ բարքերն են, որոնք խոչընդոտում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի դեռ երիտասարդները չունեն ռեալ հնարավորություններ իրենց գիտելիքները իրացնելու, ես կարծում եմ, որ այդ ամենն առ ոչինչ է: Միայն խոսքերով չի կարելի տնտեսություն զարգացնել»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:
Միաժամանակ նա նշեց, որ թե կառավարությունում, թե տարբեր պետական կառույցներում կան երիտասարդներ, որոնք ապաշնորհ են. «Ես չեմ կարծում, որ նրանք այն մարդիկ են, որոնք կարող են տնտեսությունն առաջ տանել, բայց, ցավոք սրտի, նրանց վստահվել է կարևոր ոլորտներ: Մինչև արմատապես փոփոխություններ տեղի չունենան, ոչ միայն ներկայիս կառավարությունը, այլև որևէ կառավարություն, չի կարող հաջողության հասնել»:
Ըստ նրա՝ միայն կառավարության ղեկավարով հնարավոր չէ իրավիճակ փոխել: Տնտեսագետի խոսքերով՝ այսօր որոշ նախարարությունների օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) զրո է, դրանց աշխատանքը կարող է անել ընդամենը մեկ բաժին՝ 3-4 հոգուց բաղկացած:
«Այդ հանդուրժողականությանը պետք է վերջ տալ: Հանդուրժողականությամբ երկիր չեն կառուցում»,- հավելեց նա:
Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ մինչև իր ուսանողն այս երկրում իր տեղը չգտնի, գիտության ասպարեզում ներգրավված չլինի, ինքն այդ մասին մշտապես բարձրաձայնելու է. «Ամոթ չէ կրկնելը, ամոթ է չանելը, սուտ կենացների մակարդակով խոսքեր ասելն ու չկատարելը, ամոթ է այդ բիձուկներին ակադեմիայում թողնել, որոնք ոչ միայն վնաս են հասցնում գիտությանը, այլ նաև երկրին, մարդկանց հավատին: Մի՞թե ռիսկ չեն անում նրանց տեղից հանեն ու երիտասարդներին դնեն, սա նշանակո՞ւմ է, որ մենք որևէ ներուժ չունենք ու 80-90 տարեկանները պետք է ղեկավարեն, իսկ երիտասարդներն էլ թողնեն գնան խոպան: Եթե այսպես պետք է շարունակեն, ապա ես որևէ ծրագրի չեմ հավատում»:
Ըստ նրա՝ պետությունը ի վերջո պետք է հասկանա, որ երիտասարդները պետք է ղեկավարեն գիտությունը, իսկ տարիքն առած պրոֆեսորները Գիտությունների ակադեմիայում կարող են աջակցել երիտասարդներին՝ լինելով խորհրդատուի կարգավիճակում:
Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ իրենց վերաբերմունքով գիտություն ղեկավարողներն երիտասարդներին «վտարել» են երկրից, մինչդեռ նրանք այսօր Սիլիկոնյան հովտում «աստղեր են դարձել», որոնց անունով բացառիորեն երդվում են իրենց ընկերությունների ղեկավարները:
«Բազմաթիվ երիտասարդներ դրսում կրթություն ստանալուց հետո երազանքներով գալիս են հայրենիք, բայց այստեղ ևս մեկ անգամ ջարդվում են, քանի որ 80-90 տարեկանները հարկ չեն համարում իրենց տեղը զիջել նրանց: Բնականաբար, դրանից հետո այդ երիտասարդներն այլևս չեն վերադառնա Հայաստան: Սա է ամենամեծ ցավը, որն այլևս չի կարելի հանդուրժել»,- եզրափակելով խոսքն ասաց Թաթուլ Մանասերյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը նախատեսում է բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերակցությունը
- Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Կառավարության նոր ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան