Կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով
ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականների ծրագրով նախատեսում է զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:
Այսպիսով, ըստ ծրագրի, նախատեսվում է 2017-2022 թվականների ընթացքում շարունակել նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակադրումներին համապատասխան:
Կարևորելով արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովումը հատկապես աշխատող աղքատների թվի հետևողական նվազման տեսանկյունից՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև նախաձեռնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ՝ եվրոպական ժամանակակից միտումներին համահունչ:
Մասնավորապես ծրագրով նախատեսվում է՝ հինգ տարվա ընթացքում վերացնել աշխատավարձի հավելումների և աշխատողների հատուցումների կոշտ կարգավորումները՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության և կոլեկտիվ բանակցությունների կայացմանը զուգընթաց:
Բացի այդ, նշվում է, որ մինչև 2018 թվականի ավարտը պետք է ամբողջականացնել կամավոր աշխատանքի կայացման ու զարգացման իրավական հիմքերը:
Բացի այդ, ծրագրում նշվում է, որ 2018-2022 թվականների ընթացքում պետք է կատարելագործել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը՝ աշխատավարձերի համամասնորեն աճի ապահովման նպատակադրմամբ:
Ծրագրով նախատեսվում է կատարելագործել կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մասնավորապես՝
ա. 2018-2020 թվականների ընթացքում ներդնել ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանը, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, հանրային կառավարման ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների ներգրավմանը, գործատուների համար թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելուն ուղղված նոր ծրագրեր,
բ. մինչև 2019 թվականի ավարտը ստեղծել աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության և արդյունավետության բարձրացման, զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, մատչելիության մեծացման նպատակով ամբողջական էլեկտրոնային կառավարման գործուն համակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ
- Կառավարությունը նախատեսում է բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերակցությունը
- Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարության նոր ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին