Փախստականի կարգավիճակ ունեցող Մազուն Ալմելեհանին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ամենաերիտասարդ դեսպան
Փախստականների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է կրթության ակտիվիստ և սիրիացի փախստական 19-ամյա Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan) Բարի կամքի դեսպան նշանակելու մասին: Ալմելեհանին ամենաերիտասարդ Բարի կամքի դեսպանն է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ այս նշանակումը կարևորվում է նաև նրանով, որ Մազունը փախստականի կարգավիճակ ունեցող առաջին անձնավորությունն է, որ դարձել է Բարի կամքի դեսպան:
Մազունն աջակցություն է ստացել ՅՈՒՆԻՍԵՖ-ից Հորդանանի Զաաթարիի փախստականների ճամբարում ապրելու օրերին՝ դրանով շարունակելով երջանկահիշատակ Բարի կամքի դեսպան Օդրի Հեփբերնի ճանապարհը, ով ևս աջակցություն էր ստացել ՅՈՒՆԻՍԵՖ-ից:
«Նույնիսկ մանուկ հասակում ես գիտեի, որ կրթությունն իմ ապագայի համար էական է, այնպես որ, երբ լքեցի Սիրիան, միակ բանը, որ ինձ հետ վերցրեցի, իմ գրքերն էին։ Որպես փախստական՝ ես ականատես եմ եղել այն բանի, թե ինչ է լինում, երբ երեխաները ստիպված են լինում ամուսնանալ մինչև չափահասությունը կամ ֆիզիկական աշխատանք կատարել: Նրանք կրթություն չեն ստանում, հետևաբար՝ ապագայում զրկված են լինում հնարավորություններից: Այդ է պատճառը, որ հպարտ եմ աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ այս երեխաների ձայնը լսելի դարձնելու համար՝ դրանով իսկ աջակցելով նրանց դպրոց հաճախելուն»,- նշել է Մազունը:
2013թ.-ին Մազունն ընտանիքի հետ լքել է Սիրիան, Հորդանանում երեք տարի ապրել որպես փախստական, որից հետո բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում:
«Մազունի խիզախության և տոկունության պատմությունը մեզ բոլորիս ոգեշչնում է: Մենք հպարտ ենք, որ նա դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և աշխարհի երեխաների Բարի կամքի դեսպանը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth):
Աղբյուրը հայտնում է, որ Մազունը վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեկնել է Չադ՝ երկիր, որտեղ հակամարտության գոտիներում բնակվող տարրական դպրոցական տարիքի տղաներից թվով երեք անգամ ավելի աղջիկներ դպրոց չեն հաճախում: Նա հանդիպել է երեխաների, ովքեր Չադ լճի շրջանում Բոքո հարամ հակամարտության պատճառով դպրոց չեն հաճախում: Չադից վերադառնալուց հետո Մազունն աշխատում է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակն այն մասին, թե հակամարտությունների պատճառով իրենց երկրները լքած երեխաները կրթություն ստանալու ճանապարհին ինչ խնդիրների առջև են կանգնում:
Ըստ գնահատականների, հակամարտությունների գոտիներում ապրող տարրական և միջին դպրոցի տարիքի 25 միլիոն երեխա դպրոց չի հաճախում: Փախստականի կարգավիճակում ապրող երեխաների միայն կեսն է տարրական դպրոց հաճախում և քառորդից էլ քիչ՝ միջին դպրոց:
Արտակարգ իրավիճակներում հայտնված երկրների կրթությունը չափազանց քիչ ֆինանսավորում է ստանում: 2010թ.-ից մարդասիրական օգնությանը հատկացվող ֆինանսավորման երկու տոկոսից էլ պակասն է հատկացվում կրթությանը: Տարեկան 8.5 միլիարդ դոլար է հարկավոր այս պակասը լրացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ. 2016-ի ապրիլին ԼՂ հակամարտության սրման հետևանքով ավելի քան 2000 մարդ տեղափոխվեց Հայաստան
- Այն, ինչ ԻՊ-ում կա այսօր, մենք տեսել ենք Ադրբեջանում՝ 90-ականներին. փախստական