Սիրիահայերն իրենց հմտություններն ու փորձը Հայաստան բերելով՝ կարողացել են նպաստել տնտեսության զարգացմանը. Քրիստոֆ Բիրվիրթ
«Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը ողջունում է Հայաստանի կառավարության և բնակչության մեծամասնության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը Սիրիայում հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ընդունելու գործում»,- Փախստականի համաշխարհային օրվա և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:
Նրա խոսքով, կառավարության աղբյուրի փախանցմամբ, Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է ավելի քան 22,000 մարդ, հիմնականում էթնիկ հայկական ծագմամբ: Մինչ նրանցից շատերը տեղափոխվեցին այլ երկրներ, մեկնեցին Պարսից ծոցի արաբական երկրներ որպես աշխատանքային միգրատներ, օգտվեցին վերաբնակեցման հնարավորություններից կամ միացան իրենց ընտանիքների անդամներին մեկ այլ վայրում, ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով 15,000 տեղահանված դեռևս շարունակում է մնալ Հայաստանում:
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ այսօր Հայաստանում շատ սիրիահայ երիտասարդներ արդեն իրենց կրթությունն ավարտել են, անցել աշխատանքի:
«Շատ տեղահանված սիրիահայեր Հայաստանում կարողացել են աշխատանք գտնել, շատերն ինքնազբաղվածությամբ են գտել վաստակելու հնարավորություն»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՄԱԿ ՓԳՀ գնահատանքով է նշում շատ ընտանիքների գրանցած զգալի առաջընթացը դեպի ինքնաապահովում և հայ հասարակության մեջ ինտեգրում:
«Տեղահանված ընտանիքներից շատերը, օգտվելով իրենց մասնագիտական հմտություններից, իրենց հետ Հայաստան բերած աշխատանքային և ձեռներեցության փորձից, հիմնեցին և այժմ էլ հաջող կառավարում են փոքր և միջին բիզնեսներ՝ փոքր ռեստորաններ, սրճարաններ, ֆուրշետի կազմակերպում, ինչպես նաև գործարաններ և արհեստանոցներ տեքստիլի, կոշիկի և ոսկու արտադրության ոլորտում»,- նշեց նա՝ հավելելով, որ տեղահանված գործարարների և աշխատողների սպասարկման ոլորտում զարգացած մշակույթը, աշխատասիրությունը և աշխատանքի որակը նոր շունչ են տվել Հայաստանի տնտեսությանը և հասարակությանը՝ նպաստելով դրանց զարգացմանը, փոխել են զբոսաշրջության ոլորտը:
«Այսինքն՝ սիրիահայերն իրենց հմտություններն ու փորձը Հայաստան բերելով՝ կարողացել են նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- ընդգծեց Քրիստոֆ Բիրվիրթը:
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ չնայած գրանցած առաջընթացին, բազմակողմանի, համակողմանի, քայլ առ քայլ ինտեգրման գործընթացին, մարտահրավերներ դեռևս առկա են: Նրա խոսքով, դեռ ավելին պետք է անել ինտեգրման բազմաբնույթ գործընթացը հաջողությամբ եզրափակելու համար:
«Որոշ ընտանիքներ, մասնավորապես նրանք, որոնք բաղկացած են տարեցներից, միայնակ ծնողից, ուսանողներից կամ հաշմանդամություն ունեցող անձանցից, ինտեգրման ճանապարհին ավելի շատ խնդիրների էին բախվում: Աշխատունակությունը, սահմանափակ աշխատատեղերը և ցածր աշխատավարձն իրական խոչընդոտներ են նրանց համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ ապաստանը շարունակում է մնալ մարտահրավեր:
Քրիստոֆ Բիրվիրթի խոսքով, մեծ թվով ընտանիքներ իրենց հեռավոր ապագան տեսնում են Հայաստանում և ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել:
«Եկամուտների չափը և մասնավորապես ֆինասների և բարձր տոկոսադրույքների հասանելիության խոչընդոտները դժվար են դարձնում այդ ցանկության իրագործումը: Հաշվի առնելով Հայաստանում բնակարանային շուկան և չօգտագործվող բնակարանների զգալի թիվը՝ խնդիրը ամենևին նոր շինարարություն չի պարտադրում, այլ կարող է լուծվել սուբսիդավորված՝ ցածր տոկոսադրույքով, բնակարանային վարկավորման նախագծի միջոցով, զուգակցված որոշակի դրամաշնորհներով կանխավճարը մարելու համար»,- նշեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք մտածել վերադառնալու մասին. Հալեպահայ
- ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ. 2016-ի ապրիլին ԼՂ հակամարտության սրման հետևանքով ավելի քան 2000 մարդ տեղափոխվեց Հայաստան
- Հայաստանում ապրող սիրիահայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ բանվորությունից մինչև արվեստ, գիտություն
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
- ««Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը»
- «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է երկրում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը
- Սիրիահայերը հանդիպել են հավանական գործատուներին
- Հալեպահայերը, ում գործերը լավ չեն Հայաստանում, ուզում են վերադառնալ
- «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն». վարչապետ
- Պատերազմի ավարտից հետո սիրիահայերի մի մասը կլինի կամուրջ հայրենիք-Հալեպ ճամփեքին. Սփյուռքի նախարար