Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը առաջնագծում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները շատ սահմանափակ հնարավորություններ ունեն, փորձում են լինել միջնորդների առաքելության մեջ:
«Այս անգամ մենք տեսանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձեց հնարավորինս ճնշում գործադրել համանախագահների վրա, սահմանային լարվածության պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Դրա արդյունքում ունեցանք համանախագահների՝ ոչինչ չասող հայտարարություն»,-ասաց քաղաքագետը:
Բանախոսը հիասթափեցնող է համարում տարածաշրջան այցից հետո նման հայտարարությամբ հանդես գալը:
«Եթե զուտ քաղաքական տեսակետից նայենք, ապա դա ցույց տվեց Ադրբեջանի իշխանություններին, որ Մինսկի խումբը պատրաստ է նոր զիջումների, իսկ այդ զիջումները Ադրբեջանում հասկանում են որպես նոր լարվածություն առաջացնելու կամ նոր կրակոցներ արձակելու թույլտվություն»,-ասաց նա:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս պահին ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանի շուրջ չի վերադառնում հայկական կողմը:
«Իմ տպավորությամբ հայկական կողմը չի վերադառնում բանակցային սեղանի շուրջ, մի պարզ պատճառով: Ապրիլից հետո մենք բարձրաձայնեցինք նախապայմաններ, որոնց առկայության դեպքում կշարունակենք բանակցել, պայմանները վերաբերում են վստահության մեխանիզմների ստեղծմանը, տեխնիկական սարքերի տեղադրմանը, սահմանային միջադեպերի քննությանը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը: Այսինքն՝ սրանք մեզ թույլ կտան հավաստիանալ, որ բանակցային նոր գործընթացն Ադրբեջանը չի օգտագործի պատերազմ սկսելու համար, ինչպես արվել է նախկինում»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, այսօր բանակցությունները չեն վերսկսվում հայկական կողմի վճռական ու հետևողական դիրքորոշման պատճառով:
«Ադրբեջանը շատ կուզեր նստել բանակցությունների սեղանին, մի կողմ դնել իր համար ապրիլյան իրադարձությունների քաղաքական հետևանքները և ամեն ինչ սկսել զրոյից, որտեղ իրենք կարող են որոշակի խնդիրներ լուծել: Հայկական կողմը դա թույլ չի տալիս»,-ասաց քաղաքագետն ու ճիշտ գնահատեց նման մարտավարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն մտահոգված է սահմանային իրադրությամբ. Պյոտր Սվիտալսկի
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- ՀՀ Նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին