Տիգրան Աբրահամյան. Տեսադիտարկման սարքերի շնորհիվ հակառակորդը մեծ թվով ձախողված օպերացիաներ է ունեցել
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, հնարավոր զարգացումների ու սահմանային ամրացման շուրջ Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Panorama.am-Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ընդհանուր առմամբ, ի՞նչ վիճակ է: Ներկա պահին լայնածավալ պատերազմի ռիսկ առկա՞ է:
Տիգրան Աբրահամյան-Իրավիճակն, ընդհանուր առմամբ փոփոխական է, ցանկացած պահի կարող է սրվել: Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանը սահմանագծից ոչ այդքան մեծ հեռավորության վրա բավականին մեծ տեխնիկա և մարդկային ռեսուրսներ է տեղակայել՝ զորամասերում, բազաներում, ինչի պարագայում իրավիճակը կարճ ժամանակում կարող է փոխվել: Պատերազմի ռիսկ միշտ էլ կա, այս փուլում իրավիճակն առավելապես «սահմանային պատերազմների» տրամաբանության մեջ է: Բայց կրկնում եմ՝ կարճ ժամանակում կարող է իրավիճակը կտրուկ փոխվել: Խոսքս ոչ թե կոնկրետ այսօրվա իրադարձություններին է վերաբերում, այլ առհասարակ, տարիներ ի վեր առաջնագծում ստեղծված իրավիճակին, մանավանդ որ, այս պահին բանակցություններ փաստացի չկան:
Panorama.am-Ասում են՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը զգալիորեն ամրացրել է դիրքերն ու համալրել նոր տեխնիկական միջոցներով: Ի՞նչ փուլում է գտնվում տեխնիկական համալրման գործընթացը:
Տիգրան Աբրահամյան--Առաջնագծի տեխնիկական հագեցվածության, արդիականացման գործընթացը պաշտպանական բանակում մեկնարկել է դեռ 2015 թվականին, սակայն առավել ակտիվ փուլ է մտել հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո: Դա շարունակական գործընթաց է և այսօր էլ ինտենսիվ շարունակվում է:
Panorama.am-Փորձագետները նշում են, որ տեխնիկական համալրման շնորհիվ Ադրբեջանի կողմից ձեռնարկով հարձակումների բնույթը փոխվել է: Դիվերսիաների թիվը զգալիորեն կրճատվել է, քանի որ հայ զինվորները տեսախցիկների միջոցով կարողանում են ժամանակին տեսնել ու կանխել ներթափանցումը, այդպե՞ս է:
Տիգրան Աբրահամյան-Տեսադիտարկման սարքերի տեղակայումը գրեթե զրոյական է դարձրել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման արդյունավետությունը: Պատշաճ դիտարկումների անելու դեպքում հակառակորդի բոլոր գործողությունները դատապարտված են տապալման:
Վերջին մեկ տարվա ընթացքում հակառակորդը մեծ թվով ձախողված օպերացիաներ է ունեցել, արձանագրել կորուստներ և պատահական չէ, որ վերջին շրջանում այդ խմբերի գործողությունների թիվը կտրուկ նվազել է:
Panorama.am--Տեխնիկական համալրումը որքանո՞վ է իրականացվում պետական միջոցների հաշվին և ո՞ր մասն է իրականացվում մասնավոր անձանց օժանդակությամբ:
Տիգրան Աբրահամյան-Չէի ցանկանա նշել, թե այս աշխատանքներին որքան գումար է ուղղվում և աշխատանքի որ մասն է իրականացվում պետական բյուջեի, որը մասնավոր անձանց գրպանից: Միայն կարող եմ նշել, որ պետական բյուջեից նպատակային ծախսերն այս ուղղությամբ աճել են: Մեծ է աջակցություն նաև մասնավոր անձանց կողմից, ովքեր գիտակցում են իրավիճակի լրջությունն ու այս աշխատանքների կարևորությունը և գումարներ են ուղղում անվտանգության բաղադրիչի ապահովման և կատարելագործման համար:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո բազմաթիվ մարդիկ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից զգալի միջոցներ ուղղեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամրացմանն ու տեխնիկական վերազինմանը: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ Aysor.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հսկայական աշխատանք է կատարվել բանակի կենսագործունեության բոլոր ուղղություններում: Վարչապետի փոխանցմամբ՝ առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր են տեղադրվում, որոնք թույլ եբ տալիս դիտարկել ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով: Հարությունյանը նշել էր, որ սարքավորումների ձեռքբերման և մասնագիտական խորհրդատվության ապահովման հարցում մեծ ներդրում ունեն գործարարներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, ովքեր տևական ժամանակ է սահմանի ամրացման ուղղությամբ շարունակական ծրագրեր են իրականացնում:
Հարակից հրապարակումներ`
- Մեր բանակի նկատմամբ վստահություն ունենալու տրամադրությունը շատ կարևոր է. հոգեբան
- Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում
- Հայկական զինուժն առաջնագծում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում. Տիգրան Աբրահամյան
- «Ադրբեջանը` պատժիչ գործողություններին սպասելիս». Տիգրան Աբրահամյան
- 11 զոհ՝ Ադրբեջանի բանակում. «Դիվերսիա անելիս թող մտածեին, որ կորուստներ են ունենալու»
- Ձախողված դիվերսիա կամ ինչո՞ւ է Ադրբեջանին ձեռնտու անկայունությունը
- Ադրբեջանը դիվերսիա է իրականացրել. 2 զոհ, 5 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին